«Ազատամարտիկների դաշինք»-ի մի խումբ ներկայացուցիչներ այսօր՝ հունվարի 15-ին, հավաքվել են Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի առջեւ, որտեղ քիչ անց պետք է քննվի զինված խմբին աջակցելու կասկածանքով ձերբակալված ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանի կալանքի որոշումը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Վլադիմիր Առաքելյանին դեռ դատարան չեն բերել: Ազատամարտիկների խոսքով՝ ինչպես Վլադիմիր Առաքելյանը, այնպես էլ մյուս ազատամարտիկները, որ ձերբակալվել են հանցավոր խմբում լինելու կասկածանքով, չէին կարող ծանր հանցագործություններ պլանավորած լինել մի երկրի դեմ, որի համար պայքարել են ժամանակին:

NEWS.am-ի հետ զրույցում ազատամարտիկների դաշինքի անդամ Ռազմիկ Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ Վլադիմիր Առաքելյանին եւ մյուս ազատամարտիկներին կալանավորում են իրենց քաղաքացիական դիրքորոշման համար:

«Իշխանությունն իր այս կեցվածքով ցույց է տալիս, որ պատերազմից հետո ազատամարտիկներն այլեւս պետք չեն: Նրանց կալանավորում են, ծեծելով սպանում: Ժամանակն է, որ իշխանությունը հրաժարվի իր այս կեցվածքից: Վլադիմիրն ու մյուսները եթե նույնիսկ լինեին այդ խմբում, ապա զսպաշապիկի դեր կստանձնեին»,- ասաց ազատամարտիկը:

Ազատամարտիկները նշեցին, որ հետաձգել են վարչության նիստը, երբ իմացել են, որ դատարանում քննվելու է Վլադիմիր Առաքելյանի կալանավորման հարցը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով հունվարի 14-ին ձերբակալվել են «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գեւորգի Մարգարյանը եւ «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը: Նրանք կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

news.am