ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Սոթք-Քարվաճառ, Հրազդան-Ջրառատ, Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Պրեվոլնոյե, Վերին Գետաշեն-Մադինա, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Տիգրանաշենի ոլորանները:
Արտաշավան-Մուղնի ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի են Անտառամուտ-Վահագնի, Ֆանտան-Ջրաբեր, Հրազդան-Հանքավան, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները, Շիրակի և Սյունիքի, ինչպես նաև Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները, Գոգարան, Շենավան, Շիրակամուտ համայնքները:
Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում, Սյունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Վայոց Ձորի մարզերում, Տիգրանաշենի ոլորաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Շիրակի մարզում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավանում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան-Զանգեր հատվածում բուք է, Շիրակի մարզի Թորոս-Ցողամարգ ավտոճանապարհին առկա է ցածր տեսանելիություն: Լանջառ-Լուսաշող, Իջևան-Դիլիջան ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններին, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: