Հայաստանում մարտի 7-ը պետք է աշխատանքային օր լիներ, սակայն կառավարության որոշմամբ Հայաստանի քաղաքացիները փոքրիկ արձակուրդ ստացան՝ չորս ոչ աշխատանքային օր:

Ինչ խոսք, արձակուրդը լավ բան է՝ որևէ կասկած չկա, առավել ևս, երբ հայտնի խոսք կա՝ ով ինչպես հանգստանում է, այնպես էլ աշխատում է: Սակայն արձակուրդը լավ բան է, երբ երկրում սոցիալ-տնտեսական վիճակն է լավ, երբ քաղաքացիները կարող են արձակուրդի ընթացքում վայելել սեփական աշխատանքի պտուղները, իսկապես լավ հանգստանալ, որպեսզի հետո կրկին լավ աշխատեն, ու այդպես շարունակ: Իսկ Հայաստանում քաղաքացիների առնվազն երեսուն տոկոսը աղքատ է, և դա՝ պաշտոնական տվյալներով: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում սոցիալական խնդիր ունեն առնվազն 50 տոկոս քաղաքացիներ:

Երբ երկրի բնակչության, այն էլ՝ երեք միլիոն բնակչության կեսը կամ դրանից ավելին ունի սոցիալական լուրջ խնդիրներ, երբ յուրաքանչյուր երրորդ քաղաքացի աղքատ է պաշտոնապես, երբ փոքրաքանակ բնակչությամբ Հայաստանում ավելի քան 143 երեխա մեկ տարվա ընթացքում դադարել է դպրոց հաճախել սոցիալական խնդիրներից ելնելով, կառավարությունը պետք է հասարակությանը ոչ թե ոչ աշխատանքային օրեր մատուցի, այլ աշխատանքի հնարավորություն, պետք է մատուցի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումներ, պետք է ջանք ու եռանդ չխնայի երկրում բարիք ստեղծելու, արտադրական հնարավորություններ և հզորություններ ստեղծելու համար, որպեսզի թուլացնի լարվածությունը և մարդկանց պարգևի արձակուրդային սպասում:

Միայն աշխատող, ստեղծող հասարակություններում է առկա արձակուրդային սպասում, որովհետև ով ինչպես հանգստանում՝ այնպես էլ աշխատում է, բայց միաժամանակ՝ հանգստանալու համար մարդը նախ և առաջ պետք է աշխատի:

Իսկ Հայաստանի հասարակությունը չաշխատելուց է հոգնել, Հայաստանի հասարակությունը կառավարությունից աշխատանքի մեսիջներ, աշխատանքի հնարավորություններ է սպասում, ոչ թե չաշխատելու:

Սա զուտ վարչական խնդիր չէ, այստեղ կա քաղաքական մեսիջների, քաղաքական տրամաբանության խնդիր: Նմանօրինակ որոշումները վկայում են տնտեսական քաղաքականություն իրականացնողների ոչ համարժեք ընկալումների և մտածողության մասին:

Ընդ որում՝ այն, որ ոչ աշխատանքային օրը տեղափոխվում է մեկ այլ օր, այսինքն՝ մարդիկ, այդուհանդերձ, աշխատելու են, բայց՝ շաբաթ օրը, դա ավելի ընդգծում է խնդիրը, որովհետև աշխատանքային ռիթմը ևս խորհրդանշական ու կարևոր գործոն է, նրբերանգ, որը վկայում է աշխատանքի հանդեպ պատասխանատվության զգացումի մասին:

Աշխատանքի հանդեպ պատասխանատվության զգացումը անխուսափելիորեն ենթադրում է նաև աշխատանքային ռիթմի զգացում: Հետևաբար երբ այդքան թեթևորեն խախտվում է աշխատանքային ռիթմը, այն էլ համապետական մակարդակով, նշանակում է, որ ռիթմը խախտելու թեթև որոշումներ կայացնող մարդկանց մոտ բավական ծանր խախտում կա աշխատանքի հանդեպ պատասխանատվության մասով:

1in.am