Հայ մարդուն հարիր չէ վիրավորել կնոջը, նման մարդկանց համարում են «պեդերաստ»: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն՝ անդրադառնալով օրեր առաջ ԲՀԿ-ից հեռացված, Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախկին նախարար Գևորգ Պետրոսյանին, որը ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր արել:

«Հայ մարդուն հարիր չէ հայ կնոջը, մորը, քրոջը անհիմն, անհարկի անձնական վիրավորանքներ հասցնելը: Նման մարդկանց համարում են «պեդերաստ»: Այս բառն անգամ Պլատոնն ու Պուշկինն են օգտագործել»,- ընդգծել է Լյովա Խաչատրյան։

Այնուհետեւ ԲՀԿ-ական պատգամավորը պարզաբանել է, թե որտեղից է ծագում հունարեն այդ բառը: «Այս բառը մեզանում ընկալվում է որպես խարան, և հայ մարդուն հարիր չէ նման խարանի արժանանալը։ Իսկ կուսակցության ներսում ամեն բան նորմալ է, կուսակցական կառույցների աշխատանքներ են տարվում, օպտիմալիզացիա է իրականացվում: Այո, արդյունքում կփակվեն որոշ գրասենյակներ, բայց կբացվեն նաև նորերը»,-ընդգծել է նա:

Լյովա Խաչատրյանը չի բացառել, որ որոշ մարդիկ ԲՀԿ-ից կհեռանան, որոշները՝ կանդամագրվեն:

Ավելի վաղ Գեւորգ Պետրոսյանը հայտարարել էր, որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի նպատակն է քանդել կուսակցությունը: «Նաիրա Զոհրաբյանը հեռու է քաղաքականությունից, նա արդեն հասցրել է խայտառակել իրեն միջազգային կառույցներում: Նաիրա Զոհրաբյանի նպատակն է քանդել կուսակցությունը, նույնիսկ գաղափարախոսություն չունի կուսակցությունը: Նաիրա Զոհրաբյանը հրաժարվում է գաղափարախոսությունից, քանի որ նա իրականությանը, իրադրությանը հարմարվելու լավ ունակություն ունի»,- ասել էր Գեւորգ Պետրոսյանը:

news.am