Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որի շրջանակներում ՀՀ նախագահը նաեւ մի շարք հանդիպումներ կունենա:
Հանրապետության նախագահի ԱՄՆ աշխատանքային այցը կմեկնարկի Բոսթոնից, որտեղ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Մասաչուսեթսի նահանգապետի, համայնքային ղեկավարների եւ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ: Նախագահը կհյուրընկալվի Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում, կայցելի կրթական այդ հաստատության մեդիա լաբորատորիա, «Սամբերգ» համաժողովների կենտրոնում հանդիպում կունենա ամերիկահայ գիտնականների հետ: Նախատեսված է նաեւ նախագահի հանդիպումը «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների եւ շրջանավարտների հետ:
Սերժ Սարգսյանը կայցելի իրավունքի եւ դիվանագիտության Ֆլեթչեր դպրոց՝ հանդիպում կունենա համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի եւ «Թավիթյան» հիմնադրամի կրթական ծրագրի մասնակից ՀՀ քաղաքացիների հետ: Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում նախագահը հանդես կգա դասախոսությամբ եւ կհանդիպի հայ ուսանողների ու համալսարանի ղեկավարության հետ:
Նախատեսված է Հանրապետության նախագահի այցելություն նաեւ հայաշատ Ուոթերթաուն քաղաք: Սերժ Սարգսյանը կհյուրընկալվի Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում, հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի տեղի հայկական կենտրոններ եւ եկեղեցիներ, ինչպես նաեւ «Հայկական ժառանգության պուրակ», որտեղ հիմնված հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: