Հայաստանի Առողջապահության նախարարությունն արդեն մի քանի օր շարունակ բոլոր հնարավոր հարթակներից ազդարարում է, որ «վիրավոր զինծառայողների (որոնք վիրավորվել են ապրիլյան պատերազմի ընթացքում – խմբ.) վերականգնողական բուժման մանրամասներին ծանոթանալու, բուժման հետագա ռազմավարությունը քննարկելու, խորհրդատվություն տրամադրելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով Հայաստան են ժամանել Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի առաջատար նեղ մասնագետներ»: Առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, այդ առաջատար նեղ մասնագետներն են պրոֆեսորներ վերականգնողական կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Մարտին Շվարցը եւ վնասվածքաբան-օրթոպեդ, նաեւ ուռուցքաբան Քրիստիան Յաշկեն:
Մինչդեռ, տվյալ մասնագետների այցը նախատեսված էր անհամեմատ ավելի վաղ, քան տեղի կունենար ապրիլյան պատերազմը. սա մասնավոր այց է «Իզմիրլյան» բուժկենտրոն: (Իմիջիայլոց, Յաշկեի անունը ոչ թե Քրիստիան է, այլ` Քրիստոֆ, եւ նա էսթետիկ վիրաբույժ է): Այսօր Առողջապահության նախարարությունում մամուլի ասուլիսին դա ստիպված եղավ խոստովանել «Իզմիլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը` պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին այն մասին, թե երբ եւ ում հրավերով էր կազմակերպվել գերմանացի մասնագետների այցը: Իրավիճակը փրկելու համար Արմեն Չարչյանը ստիպված էր հայտնել, որ այցը կազմակերպվել էր Առողջապահության նախարարության հովանավորությամբ եւ արդեն հետագայում, երբ պարզվեց, որ գերմանացի մասնագետների այցը ճիշտ ժամանակին է, որոշվել է նրանց ցույց տալ մեր վիրավորներին եւ նրանցից խորհուրդ հարցնել:
Մամուլի ասուլիսին գերմանացի բժիշկները միաձայն պնդում էին, որ հայ բժիշկները տեղում անում են այն ամենը, ինչ պետք է եւ ամենաբարձր մակարդակով: Եվ այժմ դեռ կարիք չկա վիրավորներից որեւէ մեկին բուժման տանել այլ երկիր: Այս միտքը վերջին մի քանի օրվա ընթացքում անընդհատ արտահայտվում է եւ լիովին օրինաչափ է, որ լրագրողների բոլոր հարցերը դրա շուրջ էին. գերմանացի մասնագետներին խնդրել են գնահատական տալ, իրոք կարող են տեղում վիրավորներին անհրաժեշտ օգնություն տրամադրել եւ ապագայի ինչ կանխատեսումներ կան ծանր վիրավորների համար, մասնավորապես նրանց, որոնք ողնաշարի եւ ողնուղեղի վնասվածք ունեն:
Առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, հոգնելով լրագրողների կրկնվող հարցերից, հարցրել է. «Ինչու եք անընդհատ փորձում խոստումներ ստանալ գերմանացի բժիշկներից», ինչին պատասխան է ստացել, որ մենք խոստում ենք ուզում ստանալ ոչ թե գերմանացի բժիշկներից, այլ մեր իշխանություններից:
Նա դարձյալ հիշեցրել է Հայաստանի կառավարության հայտնի որոշումն այն մասին, որ անհրաժեշտության դեպքում զինվորականները բուժման կուղարկվեն արտասահման եւ սկսել է բացատրել, որ «այսօր մենք փորձում ենք ինչպես մեր, այնպես էլ արտասահմանցի մասնագետների ներգրավմամբ գնահատել յուրաքանչյուր վիրավորի վիճակը եւ բուժման մարտավարություն կազմել»: «Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կասկածում է, թե մենք ինչ որ բան չենք ուզում անել: Մենք ամեն ինչ կանենք», – հնչել է հերթական հավաստիացումը:
Պատասխանելով այն հարցին, թե արտասահմանում բուժման որ մասն է կառավարությունը պատրաստ ստանձնել, Վահան Պողոսյանը նշել է, որ նախ անհրաժեշտ է տակտիկան որոշել, որոշել «որտեղ», այստեղ, թե արտասահմանում, հետո նոր մտածել փողի մասին: Իսկ հետո լրագրողներին կոչ է արել փողի մասին չխոսել: «Եթե բժիշկները որոշեն… Գերմանիայից մեր հարգելի մասնագետներն իրենց կարծիքն արտահայտել են, որ մեր բժիշկները մեր կլինիկաներում անում են այն ամենը, ինչ անհրաժեշտ է` առավելագույնս եւ որակյալ: Յուրաքանչյուր հիվանդի հարցը կորոշվի մասնագետների խմբի եզրակացության հիման վրա», – ասել է նա: Կրկնական հարցին այն մասին, թե այնուամենայնիվ, մեր կառավարությունը որքան է պատրաստ ծախսել դրա վրա եւ ինչ աղբյուրներից, փոխնախարարը խոստովանել է, որ «անկասկած, եթե լինեն ֆինանսավորման այլ աղբյուրներ, մենք դրանցից չենք հրաժարվի», բայց «կառավարության որոշումը հիմնված է Հայաստանի բյուջեի վրա»:
Նա պարզաբանել է, որ այնուամենայնիվ որոշումը կընդունվի երկու գործոնի հիման վրա. եթե վիրավորը տեղափոխելի է եւ եթե Հայաստանում անհնար է կազմակերպել նրա բուժումը եւ լավ արդյունք ստանալ: Իսկ որոշումը կընդունի մասնագետների հանձնաժողովը:
Վերջում Շվարցը եւ Յաշկեն լրագրողներին տեղեկացրել են, որ Գերմանիա վերադառնալով` իրենք կհավաքեն տեղի ռեանիմատոլոգներին եւ կկազմակերպեն նրանց այցը Հայաստան: