Այսօր` հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19.00-ի սահմաններում էջմիածին քաղաքի բնակիչ 26-ամյա Արմեն Խաչատրյանը, վարելով «Նիսան» մակնիշի 70 AP 001 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում` «Զվարթնոց» ռեստորանային համալիրի դիմաց, դեպի Արմավիր ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բաժանարար գոտու էլեկտրասյանը, որից հետո բախվել հանդիպակած գոտուց դեպի Երևան ընթացող Արմավիրի մարզի բնակիչ 45-ամյա Նունե Ասատրյանի վարած «Վոլցվագեն Տուառեգ» մակնիշի 22 ՈՈ 101 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, 1-ին դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ հետաքննիչ Մհեր Հակոբյանը: Կարճ ժամանակում ժամանել էին նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայր էին ժամանել վթարված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի համար մի քանի ավտոմեքենաներով երիտասարդներ, իսկ նրանց ավտոմեքենաների համարանիշները նույն թվերն էին: Նրանք փորձում էին համոզել ՃՈ աշխատակիցներին, որպեսզի վթարը չգրանցվի, ինչը մերժվեց ՃՈ աշխատակիցների կողմից:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի