Այսօր` հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Երեւան քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ, 37-ամյա Արթուր Գասպարյանը, Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ-ի Մայիսյան գյուղի հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, վարելով «Գրանդ Չերոկի» մակնիշի 15 00 865 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել երկաթյա սյանը, հետո հարվածել մի քանի ծառերի, արմատախիլ արել դրանք եւ գլխիվայր շրջվել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Դեպքի վայրում հավաքվածները պատմում էին, որ վարորդի հետ մեքենայում եղել են նաեւ 3 ուղեւորներ, որոնք նույնպես չեն տուժել:
Վթար վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում է նաեւ նույն գումարտակի հետաքննիչ Էդգար Նազարյանը, ում կողմից վթարի առթիվ նյութեր են նախապատրաստվում: