Ես իհարկե հասկանում եմ, որ յուրաքանչյուրն ունի իր կարծիքը հայտնելու իրավունք, բայց մի՞թե անհնար է այդ ամենը կատարել առանց հայհոյախառն քոմմենթների: Եթե ժարգոնն ու հայհոյանքները լավ բան լինեին, հավատացեք, որ դրանք արդեն վաղուց ձեռք բերած կլինեին գրական լեզվի պիտակ, իսկ հայհոյանքներն էլ կօգտագործվեին որպես բարեմաղթանք: Չմտածեք, թե ես միշտ խոսում եմ ինչու-ներով կամ է-երով ու ոչ էլ պահանջում եմ, որ մյուսները այդպես խոսեն, ուղղակի կարելի է լայն մասսաներին հասանելի հարթակներում պահպանել խոսքի կուլտուրան: Ձեր անձնական հաղորդագրություններում խոսեք ինչպես ուզում եք, բայց, ի սեր Աստծո, մյուսներին զերծ պահեք ձեր կեղտոտ մտքերից ու ցենզուրայի բոլոր պատնեշները ետևում թողած արտահայտություններից: Թողեն՝ ամեն օր կխոսեք նաիրյան աղջիկների կերպարի մասին, իսկ ո՞ւր են մերօրյա նաիրյանները, ու բնավ ասածս այն չէ, որ հագնեք տարազ ու կուժը ուսներիդ դրած՝ ման տաք… Միգուցե իմ ապրած 18 տարիները դեռևս չափազանց քիչ են, որ փորձեմ ինչ-որ մեկին խորհուրդներ տալ, բայց կարծում եմ, որ միայն ինձ չի տհաճ այն իրավիճակը, երբ որևէ լուր կարդալիս կամ նկար նայելիս աչքովդ են ընկնում այդ գարշելի մեկնաբանությունները` հատկապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կողմից: Իսկ կարո՞ղ ա հայհոյելը հիմա նորաձև ա, իսկ ես էնքան հին եմ, որ չգիտեմ էդ մասին: Ես պարզապես չեմ ուզում՝ գա մի օր, երբ մենք կսկսենք ծափահարությունների արժանացնել կամ մրցանակներ շնորհել այն աղջիկներին, ովքեր կխոսեն առանց ժարգոնային արտահայտությունների ու հայհոյանքների: Խնդրում եմ մեկնաբանություններում չհայհոյել…

video.armjamanc.ru