Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը «BMW» 525 մակնիշի ՝ 33 TՏ 576 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել երթևկելի գոտուց և մոտ 80 մ գլորվելով, ժայռաբեկորներին բախվելով՝ հայտնվել գետում:
Հիվանդանոց տեղափոխված երիտասարդը գիշերը՝ ժամը 01:20-ի սահմաններում, մահացավ, ով Կոտայքի մարզի Առինջ գյուղի 12-րդ փողոցի բնակիչ 23-ամյա Տիգրան Սահակյանն էր:
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարար վարչության և Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները մեծ դժվարությամբ գետից դուրս էին բերել վիրավոր տղամարդուն, իսկ հետո Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ բուժանձնակազմը ցավազրկող էր ներարկել, որից հետո պատգարակով փրկարարները՝ քաղաքացիների և բժիշկների օգնությամբ, վիրավորին դուրս էին բերել ձորից, և շտապ օգնության ավտոմեքենան տեղափոխել էր նրան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Կային կասկածներ, որ հնարավոր է՝ էլի մարդ եղած լինի ավտոմեքենայում, ինչի համար թվով 20 փրկարարներ ճոպաններով և լուսարձակներով իջել էին ներքև՝ որոնողական աշխատանքներ կատարելու համար:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանը և ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը: shamshyan.com