Պահպանակները հայտնի են մարդկությանը արդեն 400 տարի: Մեզ հասած ամենահին պահպանակը գտել են Շվեդիայի Լունդ քաղաքում, այն թվագրվում է 1640 թվականով: Որոշ տվյալների համաձայն` պահպանակները կիրառվում էին նաեւ Հին Հռոմում եւ Հին Եգիպտոսում:

Այսօր պահպանակների լայն կիրառումը պայմանավորված է նրանով, որ ճիշտ օգտագործման դեպքում վերջիններս ապահովում են ամենավստահելի պաշտպանությունը սեռավարակներից եւ անցանկալի հղիությունից: Իհարկե, կան նաեւ հակաբեղմնավորիչ այլ շատ միջոցներ, որոնք կարող են կանխել անցանկալի հղիությունը, այնուամենայնիվ, սեռավարակներից պաշտպանվելու միակ միջոցը այսօր պահպանակն է:
Հայաստանում հակաբեղմնավորիչ միջոցներից օգտվելու կուլտուրան, ցավոք, դեռ կաղում է: Շատերին, հատկապես երիտասարդներին, դեռեւս թյուրիմացաբար թվում է, որ եթե սեռական հարաբերությունն ավարտվում է արտահեշտոցային սերմնաժայթքմամբ, ապա հղիությունը կամ սեռավարակները կանխված են: Այս անառողջ կարծիքը այնքան է տարածված մեր հասարակության մեջ, որ լինում են դեպքեր, երբ պացիենտը գալիս է ու վստահաբար հայտարարում, որ ինքը խնդիր չունի սեռավարակների հետ կապված, որովհետեւ, ճիշտ է, պահպանակ չի օգտագործում, բայց սեռական հարաբերություն է ունենում հիմնականում “իր մեթոդով”. նկատի ունի ընդհատված սեռական ակտը կամ արտահեշտոցային սերմնաժայթքումը:

Շատերը չգիտեն, թե ինչպես է պետք օգտվել պահպանակներից: Ոմանց կարծիքով, եթե կա պահպանակ, ապա նրանք ամեն ինչից պաշտպանված են եւ կարող են ոչնչի մասին չանհանգստանալ: Սակայն, ինչպես հայտնի է, պաշտպանված լինելու համար պահպանակի առկայությունը բավական չէ:

Պահպանակի օգտագործման հետ կապված ամենատարածված սխալը մեկն է եւ գլոբալ. հաճախ մարդիկ ուշադրություն չեն դարձնում, թե ինչ պահպանակներ են գնում, որտեղից, ինչպես են պահում մինչեւ օգտագործելը եւ ինչպես են օգտագործում:

bravo.am