Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևանի՝ Տիգրան Մեծի պողոտայի՝ թիվ 76 շենքի դիմաց տեղի ունեցած ավտովթար-վրաերթի փաստով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախվել էին Արցախի փողոցի բնակիչ 27-ամյա Արման Վարդանյանի վարած «Բենթլի» մակնիշի՝ 77 RA 777, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ 31-ամյա Անդրանիկ Հայրապետյանի վարած «Նիսան Մաքսիմա» մակնիշի՝ 27 ՕՕ 376 և Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ 22-ամյա Վռամ Բաղդասարյանի վարած «Կռայսլեր» մակնիշի՝ 80 QO 777 համարանիշի ավտոմքենաները:

Վթարի արդյունքում «Կռայսլեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված 50-55 տարեկան տղամարդու:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:

Դեպքի վայր էին ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:

Ժանմանել էր նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Կարեն Ստեփանյանը:

Մինչ ոստիկանների ժամանումը ինչ-որ երիտասարդներ «Բենթլի»-ի վրայից հանել էին համարանիշները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Բենթլի»-ն պատկանում է հեղինակություն համարվող Վստրեչի Ապերի եղբոր տղային, ով էլ եղել է ղեկին:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ պարզելու վրաերթի ենթարկվածի ինքնությունը: