Այս մարդիկ անկողնում վարվում են նույն կերպ: Ուզում են, երբ ուզված են: Իսկ ուզելիս ամեն ինչ անում են, որ իրենց մյուս անգամ էլ ուզեն: Փոխանակ տրվելու սեռական հաճույքի ինքնաբուխ վայելքին, նրանք խաղում են կրքոտ զուգընկերոջ/զուգընկերուհու դերը, նմանակվում զանգվածային լրատվամիջոցների ստեղծած սեքսուալ կերպարին` մոռանալով իրենց սեփական սեռական եսը:

Իսկ եթե սերը նաև նույնացվում է սեքսի հետ, վիճակը լրիվ է բարդանում, քանի որ սեքսը նեղացվում և դառնում է սիրո դրսևորման մի ձև, ընդամենը: Սերը և սեքսը իրարից հեշտորեն տարանջատում են ավելի շատ տղամարդիկ: Կանայք հաճախ սեքսի մեջ փնտրում են սիրո ապացույց, սիրված լինելու և ցանկալի լինելու հավաստիացում: Այսպես, եթե կա միջանձնային հարաբերությունների լարվածություն, կանայք ավելի մեծ դժկամությամբ են ընդգրկվում սեռական հարաբերության մեջ, քան տղամարդիկ, ովքեր գերադասում են չհրաժարվել ևս մեկ անգամ սեռական հաճույք ապրելու հնարավորությունից` չնայած լարված միջանձնային հարաբերություններին:

Անձի կորուստը, եսի անվերապահ միաձուլումը զուգընկերոջը/ուհուն սիրո թվացյալ դրսևորում է գուցե, սակայն իրականում անգիտակից պաշտպանական միջոց է, իրականությունից կտրման մի տարբերակ: Միաձուլված և ինքն իրեն կորցրած անձը սեքսուալ մեծ դժվարությունների առաջ է կանգնում, քանի որ սեռական հարաբերությունը զույգի ֆունկցիա է:

Այլ բան է անձի ինքնագիտակից զոհաբերումը: Իբրև սիրո դրսևորման բարձրագույն ձև սա այն ճանապարհն է, որ տանում է դեպի ամուսնական ներդաշնակություն և սեռական համատեղելիություն: Սեռի ինքնագիտակցումը, որ անձի ինքնագիտակցման ածանցյալն է, սեռային հարաբերությունների նախապայմանն է, քանի որ անկողնում զույգը շփվում է հենց այս եզրով` իբրև Կին և Տղամարդ: Զարգացնելով սեքսուալ ներքին կարողությունները, վստահելով սեփական սեքսուալությանը կարելի է խուսափել սեռական աններդաշնակության շատ ձևերից, սեռական պահանջների անհամապատասխանությունից և շատ սեքսուալ որակական խնդիրներից:

sexology.am