Ժամը 06:30-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Էրեբունի բժշկական կենտրոնից հայտնել են, որ մարմնական ծանր վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել 3 հոգու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հիվանդանոց մեկնած ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը պարզել է, որ նույն օրը 06:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի 21 շենքի բնակիչ 28 ամյա Սերգո Մինասյանը Արցախի փողոցում վարելով Opel Vectra մակնիշի 06 ՍՕ 916 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել հաստաբուն ծառին:

Վթարի հետևանքով վարորդն ու երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Գ. Շամշյանը հայտնում է, որ ուղևորներից մեկը, որը կլինի ,մոտ 30-35 տարեկան տղամարդ գիտակցության չգալով մահացել է:

Վարորդը ստացել է կոտրվածքներ, իսկ մյուս ուղևորը այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Ոստիկանությունը պարզում է մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ս. Մինասյանը իր ավտոմեքենան օգտագործում է որպես տաքսի և նա Գյումրիից ուղևորներ էր տեղափոխում Երևան: