Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 3-ին՝ առավոտյան ժամը 05։30-ի սահմաններում, Մասիսի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում մահացել է Ց. Մկրտչյանը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ց. Մկրտչյանի կինը՝ 25-ամյա Արևիկը, որոշ մանրամասներ պատմեց՝ ամուսնու հիվանդանոց այցելելու մասին։
Ապրիլի 2-ի երեկոյան ամուսնու ինքնազգացողությունը վատանում է, և կինը տուն է հրավիրում ամուսնու հարազատներին, ովքեր Ցոլակին տեղափոխում են հիվանդանոց։ Այս օրվա հերթապահը լինում է վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գևորգ Գրիգորյանը, ով ձեռքերով շոշափում է Ցոլակի որովայնի հատվածները ու հայտնում, որ լուրջ ոչինչ չկա, պարզապես ցավերը կապված են սննդի հետ, ինչի պատճառով էլ հավանաբար աղիների խցանում կա, և հանձնարարում է, որպեսզի ցավերի մեջ գտնվող Ցոլակին միջմկանային ներարկում կատարեն, ու հիվանդանոցում ներարկում են «Պապավերին» տեսակի դեղամիջոց։ Ներարկումը ստանալուց հետո հիվանդանոցում հայտնում են, որ նա կարող է հանգիստ գնալ տուն, քանի որ անհանգստանալու կարիք չկա։ Վերադառնալով տուն՝ գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, նորից սկսվում են ցավերը, ու Ցոլակը քանի որ ուշ գիշեր է, չի անհանգստացնում հարազատներին, ինքնուրույն իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայով գնում է հիվանդանոց, ու այդ մասին միայն իմանում է կինը։ Որոշ ժամանակ անց, երբ ամուսինը չի զանգահարում, կինն անհանգստանում է և սկում է զանգահարել ամուսնու բջջային հեռախոսին, սակայն ամուսինը չի պատասխանում հեռախոսազանգերին, որից հետ կինը ահազանգում է եղբորը, վերջինս էլ մեկնում է Մասիսի հիվանդանոց։ Որոշ ժամանակ անց արդեն իմանում են, որ վերակենդանացման բաժանմունքում Ցոլակը մահանում է։
Հիվանդանոցում Ցոլակի հարազատները պատմում են, որ չգիտես ինչու մանրամասն հետազոտելու փոխարեն Ցոլակին ներարկել են «Բարալգին» տեսակի ցավազրկող՝ միջերակային եղանակով։ Երբ առաջին անգամ Ցոլակը ծնողների հետ դիմել է բժշիկների օգնությանը, բժիշկներն տեղեկացրել է, որ ինքը դեղերից ալերգիա է ստանում, ինչն էլ պետք է բժիշկների մոտ հիմք հանդիսանար, որ առանց հետազոտման ներարկումներ չանեին, իսկ բաժնի վարիչ Գ. Գրիգորյանը հետազոտում է համարել ձեռքերով փորը շոշափելը։ Ցոլակի հարազատները հայտնում են նաև, որ իրենց միակ նպատակը այն է, որ նման հատկանիշներով առաջնորդվող բժիշկները չմնան առողջապահության համակարգում, հակառակ դեպքում չես կարող բացառել, որ հետագայում մեկ այլ ընտանիք էլ բժիշկների մեղքով չի որբանա։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ցոլակի խնամքին ոչ միայն կինն էր, այլ նաև 6 և 2 տարեկան տղաները։
Հարազատների մոտ է արդեն Ցոլակի մահվան վկայականը, որտեղ գրված է, որ մահվան պատճառ է հանդիսացել սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության խանգարումը, սակայն հարազատները պնդում են, որ նա երբևէ առողջական ոչ մի խնդիր չի ունեցել, այդ թվում՝ սրտի, իսկ չգիտես ինչու առաջին անգամ Ցոլակի ինքնազգացողության վատթարացումը կապել են աղիների հետ, իսկ հետո երիկամի, իսկ երբ տեսել են, որ իրենց անտարբերության հետևանքով մահացել է, մահը կապել են սրտի հետ։
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ցոլակի հարազատները արդեն ունեն իրենց փաստաբանը, ով փաստաբանների պալատի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն է, պայքարելու են մինչև վերջ, որպեսզի բացահայտվի իրականությունը, և մեղավորներն իրենց կատարած անփութության պատճառով պատասխանատվության ենթարկվեն։
Տեսանյութը և լուսանկարները` Գագիկ Շամշյանի
shamshyan.com