Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է ապրիլի 18-ին՝ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի Օստրովսկի փողոցի 12 տան բնակիչներ, ամուսնիններ, 56-ամյա Մռազ Քոչարյանի և 55-ամյա Սեյրան Ջալիլյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու փաստով:

Այդ օրը 3 դիմակավորված ու դանակներով զինված անձինք մտել էին ամուսինների տուն, ծեծի ենթարկել, այնուհետև կպչուն ժապավենով և հեռախոսալարերով կապել նրանց՝ պահանջելով գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր: Հանցագործները տունը տակն ու վրա անելուց հետո հափշտակել են երկուսուկես միլիոն դրամի ոսկյա և արծաթյա զարդեր, ֆոտոխցիկներ, տեսամագնիտոֆոն և այլ իրեր, այնուհետև՝ դիմել փախուստի:

Ամուսինները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմում էին, որ իրենց սև գործը անելուց հետո նրանցից մեկը հեռանալուց առաջ կապված վիճակում գտնվող ամուսինների ոտքերի տակ կրակ է վառել՝ փորձելով այրել տունը, սակայն հանցագործներից մեկ ուրիշը վերադարձել է և անջատել կրակը:
Տեղի ունեցածի մասին տեղեկանալուց հետո դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Կորյուն Հարթենյանի և Էջմիածնի ոստիկանապետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ:

Տեղում էին նաև քննչական բաժանմունքի քննիչները՝ բաժանմունքի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com