Այնուամենայնիվ, թե՛ տղայի, թե՛ աղջկա համար սեռական կյանքի սկիզբը ցանկալի է լինի 18 տարեկանից հետո, քանի որ լրիվ սեռական հասունացումը տեղի է ունենում այդ տարիքում, ավարտվում է մարդու ընդհանուր մտավոր և հոգեբանական ձևավորումը, այլ կերպ ասած՝ մարդն այդ տարիքում ի վիճակի է պատասխան տալ սեփական արարքների համար:
Իսկ սեռական կյանքը մարդու կյանքի, վարքագծի, վերջապես օրգանիզմի կենսագործունեության բաղկացուցիչ մասն է միայն, և այն ի զորու է ազդել մարդու և՛ ապրելակերպի, և՛ սեռական վարքագծի վրա:
Առաջին սեռական հարաբերությունը աղջկա կյանքում հսկայական իրադարձություն է, և շատ հաճախ դրանից է կախված կնոջ հետագա սեռական վարքագիծը: Եթե առաջին սեռական հարաբերությունը տեղի է ունեցել կոպիտ ուժի կիրառմամբ, ուղեկցվում է ցավով, ապա հետագայում կարող է ձևավորվել սեքսոլոգիական մի խանգարում, որը կոչվում է վագինիզմ՝ հեշտոցամուտքի մկանների կտրուկ սպազմ, որն ուղեկցվում է ուժեղ ցավով՝ փաստորեն անհնարին դարձնելով սեռական հարաբերությունը: Կինը, որը հասնում է սեռական հասունացման, այսպես կոչված՝ արբունքի, ունի բնական նորմալ ձգտում դեպի հակառակ սեռը: Այն ցանկալի է, որպեսզի արտահայտվի և բավարարում ստանա ամուսնական կամ գոնե մշտական մեկ զուգընկերոջ հետ ձևավորված հարաբերություններում:
Մեկից ավելի զուգընկեր ունենալու դեպքում թե՛ կինը, թե՛ տղամարդը գտնվում են ռիսկային գոտում՝ կապված սեռավարակների, սեռական օրգանների բորբոքումների առաջացման հետ:
Շատ հաճախ երիտասարդները չգիտեն, որ սեռական կյանքը պահանջում է որոշակի հիգիենիկ նորմերի կատարում: Անկախ այն հանգամանքից՝ սեռական կյանքով ապրում է, թե ոչ, յուրաքանչյուր անձ՝ լինի կին, թե տղամարդ, պարտավոր է հետևել իր սեռական օրգանների հիգիենային՝ դրանք անհրաժեշտ է լվանալ գոլ ջրով ամեն օր, ինչպես նաև սեռական ակտից առաջ և հետո: Սեռական օրգաններին չի կարելի ձեռք տալ կեղտոտ ձեռքերով, ինչպես նաև հարկավոր է ուշադրություն դարձնել այն տեղին, որտեղ պատրաստվում եք հարաբերություն ունենալ, խոսքը բաղնիքների, սաունաների, փակ լողավազանների մասին է:
Հաշվի առեք, որ նման տեղերում միշտ չէ, որ տրամադրվում է մաքուր սպիտակեղեն, և միշտ չեն մաքրվում լողավազանները: Եթե օգտվում եք նման հաստատություններից, ապա խնդրեք նախօրոք լավ մաքրել լողավազանը, ձեռքի տակ ունեցեք մաքուր անձնական օգտագործման սպիտակեղեն և աշխատեք հարաբերություն չունենալ ջրի մեջ, քանի որ նման դեպքում սեռավարակները թափանցելու ավելի մեծ հնարավորություն են ձեռք բերում:
Սեռական կյանքի հիգիենայի հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաև ժամանակին բժշկի հաճախելը սեռական օրգանների օրգանական և ֆունկցիոնալ խնդիրների դեպքում: Շատ հաճախ մարդիկ միամտորեն կարծում են, որ միայն հիգիենայի կանոններին հետևելը և միայն մեկ զուգընկեր ունենալը ապահովում է լիարժեք սեռական առողջություն: Իհարկե, նման վարքագիծը ապահովում է մի շարք խնդիրներից, այնուամենայնիվ, առողջական բոլոր պրոբլեմները չեն, որ անմիջական կապ ունեն հիգիենայի և սեռական վարքագծի հետ:
Յուրաքանչյուր սեռահասուն տարիքի անձ պարտավոր է տարին գոնե մեկ անգամ հաճախել բժշկի՝ պայծառ և արևշող սեռական առողջություն ունենալու նպատակով:
Vrezh Shahramanyan
ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ,
սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս
BlogNews.am