Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարզի դատախազի ցուցումով նշանակվել է ծառայողական քննություն:

Իրականացված ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ 2013թ. ապրիլի 4-ին Ախուրյանի բաժնի հերթապահ մասի ՁՊՎ-ում բաց է եղել Կ. Եսայանի սպանության գործով մեղադրյալ Հ. Սարգսյանին խցի դուռը: Համաձայն հաստատված գրաֆիկի` այդ օրը հերթապահություն են իրականացրել ոստիկանության ավագ Հ. Կարապետյանը եւ ոստիկանության սերժանտ Ռ. Հովհաննիսյանը:

Նշված օրը` ժամը 22:50-ի սահմաններում, Հ. Կարապետյանը եւ Ռ. Հովհաննիսյանը, չպահպանելով ՁՊՎ-ում անվտանգության կանոնները, խախտելով ՀՀ ոստիկանության համակարգի` ձերբակալված անձանց պահելու վայրի ներքին կանոնագրքով հաստատված օրվա կարգացուցակը, առանց ծայրահեղ անհրաժեշտության, բացել են թիվ 1 խցի դուռը, որտեղ պահվելիս է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Հ.Սարգսյանը:

Ծառայողական պարտականությունները կատարելու մեջ թերանալու, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության համակարգի ՁՊՎ ներքին կանոնանգրքի 42-րդ, 88-րդ, 92-րդ եւ 93-րդ կետերը չկատարելու համար, համաձայն «ՀՀ ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 43-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերի, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի վարչության Ախուրյանի բաժնի պետի` 2013թ. թիվ 36-Ա հրամանի` Հ.Կարապետյանին եւ Ռ.Հովհաննիսյանին հայտարարվել է նկատողություն:

Հիշեցնենք, որ մինչ այդ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ 2012թ. ապրիլի 12-ին սպանված Կ.Եսայանի ծնողները` Ռ.Եսայանը եւ Ա.Իսկանդարյանը, ահազանգել են իրենց որդու սպանության մեջ մեղադրվող Հ.Սարգսյանի` ՁՊՎ-ում արտոնյալ վիճակում գտնվելու մասին:

NEWS.AM