Հակառակ սեռի ծնողի կերպարը մեծ դեր է խաղում ամուսնական զուգընկեր ընտրելիս։ Եթե այդ ծնողի դերն ընտանիքում դրական է, ապա նրան նման զուգընկերոջ ընտրությունը բարենպաստ նախադրյալ է…. հետագա սեռական և ամուսնական ներդաշնակության ստեղծման համար։
Բացի վերը նշված գործոններից, անհրաժեշտ է առանձնացնել սեռական փոխհարաբերությունները կազմավորող մեկ այլ կարևոր գործոն` տնտեսական գործոնը։ Տնտեսական գործոնի բացասական ազդեցության ներքո կարող են հատկապես տղամարդկանց մոտ առաջանալ մի շարք սեռական խնդիրներ։ Հաճախ նյութական միջոցների հայթայթմանը ուղղվում են մարդու ողջ կարողությունները և նպատակները՝ ժամանակ և ուժ չթողնելով լիարժեք սեռական կյանքի համար։ Նյութական միջոցների բացակայությունը տղամարդկանց մոտ կարող է առաջացնել թերարժեքության զգացում, դեպրեսիվ վիճակներ, ինչն իր դրսևորումն է գտնում սեռական անհաջողություններում։ Ընտանիքում այդ նույն հանգամանքը հանգեցնում է ընդհանուր նյարդայնացմանը, հուզական անկայուն վիճակին, որը արտահայտվում է ամուսինների սեռական փոխհարաբերություններում։ Կանանց մոտ տնտեսական գործոնը կարող է ազդել սեռական զուգընկերոջ ընտրության և նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքի փոփոխման վրա։
Սեռական կյանքի վրա իրենց ազդեցությունն են թողնում նաև իրավիճակային գործոնները, որոնց ազդեցությանը առավել ենթակա են կանայք։ Կանանց համար մեծ նշանակություն ունի միջավայրը (ննջասենյակի ինտերիերը): Տղամարդիկ համեմատաբար ավելի քիչ են ենթակա իրավիճակային գործոնների ազդեցությանը։ Երկու սեռերի մոտ էլ իրավիճակային բարենպաստ գործոնները կարող են խթանել սեռական հնարավորությունների դրսևորումները:
Այսպիսով՝ մարդու սեռական վարքը, հիմքում ունենալով կենսաբանական նախադրյալներ, կյանքի ընթացքում ենթարկվում է բազմաթիվ սոցիալական ներգործությունների, ձևավորվում, զարգանում և վերափոխվում դրանց ազդեցության տակ՝ դառնալով յուրաքանչյուր մարդու համար ուրույն և առավել ինտիմ զգացմունքների աղբյուր:
sexology.am