Ըստ` Կի Հենդերսոնի

Շատ հավանական է, որ քո շրջապատից որևէ մեկն արդեն գիտի, թե ով է քո ապագա ամուսինը: Ուրեմն ուշադրություն դարձրու շրջապատիդ, հատկապես, երբ գտնվում ես որևէ խնջույքում: Աչքերդ չորս արա. ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 10 զույգից 7-ը հենց ընդհանուր ծանոթների միջոցով են հանդիպել:

«Չէ՞ որ բոլորս ձգտում ենք ծանոթ մարդկանց հետ շփվել և արդյունքում` ընդհանրություններ ենք գտնում անգամ մեր ընկերների ,ընկերների ընկերների հետ»,- ասում է հոգեբանության դոկտոր Ջեյմս Ֆոուլերն իր «Սոցիալական ցանցերի զարմանալի ուժն ու այն, թե ինչպես են դրանք ձևավորում մեր կյանքը» գրքում: Այդ է պատճառը, որ ծանոթ տղայի հետ զրուցելիս կայծն ավելի շուտ է բռնկվում, քան հակառակ դեպքում: Բայց, եթե գիտես, որ կյանքիդ տղամարդը «մի քանի ծանոթություն այն կողմ է», հիշիր, որ իմանալը քիչ է. պետք է քայլեր կատարես: Իսկ թե ի՛նչ… Շարունակիր Cosmo կարդալ:

Նկարագրիր «պարոն Իդեալին»

Եթե հարցը կյանքիդ տղամարդուն է վերաբերում, շտապողականությունը խրախուսվում է: «Պետք է ընկերներիդ մոտ ասես, որ փնտրում ես «այսպիսի-այսպիսի» տղամարդու»,- ասում է հոգեբան Բարբարա Քոքսը և ավելացնում. «Ցանկություններիդ մասին բարձրաձայնելը կօգնի ավելի կոնկրետ պատկերացում կազմել այն մասին, թե ինչ ես ուզում»:

Բայց… որքան էլ մանրամասն նկարագրես « պարոն Իդեալին», հնարավոր է` ընկերներդ ասեն, որ իրենց շրջապատում հարմար թեկնածու չկա: «Այսպես` եթե ընկերուհիդ պնդում է, որ անհնար է` իրենց բեյսբոլի թիմի չամուսնացած տղաներից որևէ մեկը քեզ հետաքրքրի, մի՛ լսիր նրան»,- ասում է Էվան Մարկ Քաթսը` «Ահա թե ինչու ես դեռ ամուրի» գրքի համահեղինակը:

Մի քանի անգամ գնա մարզումներին, որպեսզի ինքդ տեսնես` կա՞ արդյոք քեզ հարմար որևէ մեկը: «Չամաչես հասկացնել, որ ուզում ես ծանոթանալ նրանց ընկերների ընկերների հետ, եթե նույնիսկ առաջին հայացքից դա անհարմար է թվում»,- խորհուրդ է տալիս Քաթսը:

Միացիր խմբերին

Մեծ խմբով զբոսանքը հրաշալի միջոց է նոր ծանոթություններ հաստատելու համար: «Եթե զրուցակիցդ քեզ դուր չի գալիս, ուրիշին գտիր. կողքիդ շատերը կան»,- ասում է Քոքսը: Իսկ եթե հաճելի զբաղմունք ես գտել`բոուլինգ ես խաղում, բարում նստած ես կամ ընթրիքի ես մասնակցում, ավելի հավանական է, որ հաճելի ընկերակից էլ գտնես:

Մեկ տարբերակ ևս. երեկույթ կազմակերպիր և բոլոր ընկերներիդ խնդրիր` իրենց հետ բերեն հակառակ սեռի չամուսնացած մեկին: Նվազագույնը` ընկերներիդ թիվը մի քանի հոգով կավելացնես, իսկ դա, գիտես` ինչ է նշանակում. «Որքան շատ ընկեր ունենաս, այնքան կմեծանա նոր տղաների հետ ծանոթանալու հավանականությունը»,- ասում է Յանիս Շփինդելը` «Ինչպե՞ս ժամադրել տղամարդկանց» գրքի հեղինակը:

Online շփում

«Facebook-ը շատերի համար զուգընկեր գտնելու հիանալի հնարավորություն է»,- ասում է Ֆոուլերը: Ուրեմն փորձիր ընկերներիդ ֆեյսբուքյան էջերում գրավիչ տղաներ փնտրել: Եվ երբ գտնես, ընկերոջիցդ հարցուփորձ արա ու պարզիր` արժե՞ ծանոթանալ նրա հետ: Ասում է` այո՞: Մտածիր շփման առիթ գտնելու մասին:

cosmo.am