Հետաքրքիր է, որ այս կապակցությամբ օգնության դիմող զույգի նախաձեռնությունը շատ հաճախ պատկանում է տղամարդուն:
«Ներեցեք, ի՞նչ եք կարծում, կանանց մեծամասնությունը կեղծու՞մ են հեշտանքը,- հարցնում է լրագրողը փողոցի պատահական անցորդ տղամարդկանց:- Օ՜, իհարկե, շատերն են խաբում և անբավարարված են,- անմիջապես պատասխանում է տղամարդը: -Իսկ Ձեր՞ը»: Հետևում է լռություն, լարված լռություն…Ու հանկարծ վստահ ու լարված հայացքով նա պատասխանում է. «Ո՛չ: -Ո՞չ, -նորից է հարցնում լրագրողը,- Ոչ,իհարկե»:
Լավ, ենթադրենք` այս տղամարդը սեռային կապեր է ունեցել մի քանի կանանց հետ և լռության այդ մի քանի րոպեները հարկավոր էին, որպեսզի նա մտովի վերհիշեր այդ կանանց: Բայց միևնույն հարցին երկրորդ տղամարդը պատասխանում է նմանատիպ հապաղումով: Երևի փորձում է վերհիշել վերջին անգամվա իր սիրային հարաբերությու՞նը: Հաջորդ հարցումները անցնում են նույն ձևով: Ի՞նչն է հապաղման այս պատճառը, ու ինչ են նշանակում այդ կրկնվող «ոչ»-երը: Բոլոր տղամարդիկ համոզված են`կանանց հիմնական մասը ձևացնում է, բայց ոչ իրենցը: Եվ ամեն անգամ լռության միևնույն դադարը, որ հետևում է` «իսկ ձե՞րը» հարցին: Ես մտովի սպառում եմ բոլոր հավանական բացատրությունները. տղամարդը կին չունի, կույս է, մտածում է հաջորդ հետևող հարցի մասին և չի ուզում թակարդն ընկնել, ի վերջո մտքով անցնում է, որ թաքնված տեսախցիկ է և հումորի համար է:
Եվ միևնույն է, մնում եմ հետևյալ եզրահանգմանը` իրենց անգիտության խոստովանումը կնշանակեր բացահայտել և ընդունել, որ իրենք բացարձակ իշխանություն չունեն սեռային հարաբերության և հարաբերության վրա ընդհանրապես, իսկ դա նշանակում է` հարվածի և կասկածի տակ առնել իրենց առնականությունը, տղամարդ լինելը:
Ի՞նչ է ստացվում. հեշտանքի հասնելու պայքարը և տառապանքը, հեշտանքի կեղծումը հանուն տղամարդու և նրա առնականության ինքնահաստատման, կնոջը հաճույք պարգևելու նրա անբասիր կարողության համար բեմադրված խաղ չէ՞ արդյոք: Որովհետև հեշտանքի ձևացումը կնոջը այն համոզվածությունն է տալիս, որ ինքը իրավիճակը վերահսկման տակ է պահում. նա կարող է «հեշտանքի պարտականության» կատարմամբ հաճույք շնորհել տղամարդուն, կարող է նաև հեշտանքի բացակայությամբ ապստամբել տղամարդու դեմ: Եվ մինչդեռ տղամարդը ցանկանում է հաճույք պարգևել կնոջը, արդյո՞ք կինը ունի դրա պահանջը: Արդյոք հեշտանք պարգևելու ցանկությունը նախ և առաջ հենց իր` տղամարդու համար չէ՞: Ի՞նչ է անում տղամարդը, կինը: Կնոջը հեշտանք պարգևելու կեղծավոր ցանկություն ի տրիտուր կեղծված հեշտանքի:
-Իսկապես, նա ընկած է այդ հեշտանքի հետևից,-ասում է այցելուներից մեկը, -նա անընդհատ հարցնում է` «Հը՞, ո՞նց էր, քանի՞ անգամ վերջացրիր, քեզ դուր եկա՞վ»: Ես անհարմար եմ զգում պատասխանելու` «Հեշտանքը ինձ հարկավոր չէ, ինձ ուղղակի պետք է քեզ հետ լինել, զգալ, որ դու սիրում ես ինձ»: Փոխարենը, երկչոտ ձայնով կմկմում եմ` «այո» և որպեսզի շատ չխորանամ ստի մեջ և երկխոսությանը դադար տամ, համեստորեն ամաչելու եմ տալիս…
Չտրվելով հեշտանքի ֆետիշացման վտանգավոր միտմանը, նշեմ, որ կնոջ հեշտանքի բացակայությունը համարվում է սեքսոլոգիական խանգարում, որը բերում է կյանքի որակի վատացմանը, ինքնագնահատականի իջեցմանը, սեփական լիարժեքության կեղեքող հարցադրման առաջացմանը: Կնոջ հեշտանքի բարձրաձայնվող բացակայությունը, ավելին կեղծված օրգազմը /իմիտացիան/ կնոջ ինչպես նաև տղամարդու մոտ սեռական խնդիրների առաջացման լուրջ պատճառ է և կարող է բերել զույգի հարաբերությունների ապակայունացման և լարվածության:
sexology.am