Ամերիկացի հոգեբան Հենրի Քլաուդը, օրինակ, այս երևույթին տալիս է հետաքրքիր սահմանում. «Կա մի կետ, որտեղ «ես»-ն առանձնանում է մնացած բոլորից»: Այդ կետն այն սահմանն է, որից այնկողմ տվյալ մարդը չի ցանկանում իր կյանքը բացել որևէ մեկի առաջ, անգամ՝ ամենասիրելի անձնավորության: Այդ սահմանների առկայությունը կարևորում են հատկապես արական սեռի ներկայացուցիչները. չէ՞ որ ամեն անգամ, երբ մենք հատում ենք այդ սահմանը, անուղղակի կերպով «ոտնձգություն» ենք կատարում նրա ազատության նկատմամբ:
Այդ սահմաններն ընդունելը դառնում է ավելի դժվար, երբ այդ ամենին խառնվում են սերն ու զգացմունքները: Ասում են, որ կանոններն ու սահմանափակումները խախտելու համար են, բայց՝ ոչ սիրային հարաբերությունների դեպքում:
Ի՞նչ անել, որպեսզի քո սերը, հոգատարությունն ու նրա անձի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը ոչ մի կերպ չանցնեն սիրելի տղամարդուդ անձնական սահմանները:
Ինչպես նշում է Cosmo հոգեբան Տաթևիկ Աղաբեկյանը, անձնական տարածքը միայն խոսելիս դիմացինի հետ որոշակի հեռավորություն պահպանելը չէ: Անձնական տարածքի մեջ են մտնում բոլոր այն իրերը և երևույթները, որոնք թանկ են մարդու համար, քանի որ այն ամենը, ինչը կարևոր է մեզ համար, կազմում է մեր «ֆիզիկական ես»-ի, մեր մարմնի և մեր ինքնության բաղկացուցիչ մասը: Հետևաբար, եթե դու որևէ կերպ փոփոխում ես դրանք, կամ եթե տվյալ մարդը ստիպված է լինում այդ երևույթները կիսել մեկ ուրիշի հետ, վերջինիս մոտ առաջանում է դրանք պաշտպանելու ցանկություն: Ավելին՝ կարող է տպավորություն առաջանալ, որ իր անձի որոշ մասը պոկում-տանում են իրենից, հետևաբար՝ անգամ եթե լուրջ ռոմանտիկ հարաբերությունների մեջ ես, մի՛ մոռացիր հարգել զուգընկերոջդ և նրա համար կարևոր երևույթները: Յուրաքանչյուր մարդ միշտ ցանկանում է ունենալ մի բան, որը միայն իրեն է պատկանում, լինի դա վայր, թե որևէ իր:
Իսկ հիմա կետ առ կետ ուսումնասիրենք իրավիճակներն ու միասին գտնենք լուծման ճիշտ տարբերակներ:
Նրա ընկերները: Հարաբերությունների որոշակի փուլում, բնական է, որ դու, ծանոթանալով նրա ընկերների հետ, աստիճանաբար մտերմանում ես նրանցից մի քանիսի կամ, գուցե, բոլորի հետ: Թույլ մի՛ տուր, որ սիրելիդ կարծի, թե ինքն այլևս չի կարող իր ընկերներից որևէ մեկի հետ կիսվել որևէ փոքր գաղտնիքով: Նա պետք է ունենա ընկերներ, ում պարտադիր չէ, որ դու ճանաչես: Այդպես նա իրեն ազատ կզգա:
Նրա հանգիստը: Զույգերն առանձին չեն գնում հանգստանալու, առանձին չեն մասնակցում հավաքույթների ու, ընդհանրապես, նրանք ոչինչ առանձին չեն անում: Խնդիրն այն է, որ մեզ շատ հաճախ թվում է, որ եթե մեր սիրելիները մեր կողքին չեն, ապա միանշանակ դավաճանում են մեզ: Մինչդեռ պետք է վստահես նրան, և ոչ մի արտասովոր բան չկա, եթե քո ընտրյալը որոշի մենակ գնալ հանգստանալու: Հանգստի վերջին շաբաթվա ընթացքում կարող ես միանալ նրան: Նրան միայնակ հանգստանալու հնարավորություն տալով` դու միայն կշահես. նա կհասկանա, որ վստահում ես իրեն։ Բացի այդ, դու էլ ժամանակ կունենաս քո կարիքները հոգալու:
Նրա իրերը: Միասին ապրելու ժամանակ կարևոր է, որ յուրաքանչյուրդ ունենա սեփական տարածք` անձնական իրերի, հագուստի, աշխատելու կամ հոբբիով զբաղվելու համար: Նա պետք է ունենա դարակ, որի մեջ կարող է նետել իր կրակայրիչն ու նոթատետրը, կամ վստահ լինել, որ մի քանի օր առաջ իր գրպանից ընկած թղթի կտորը կգտնի հենց այնտեղից: Նա պետք է ունենա իր անկյունը, որտեղ կարող է հանգիստ աշխատել իր համակարգչով կամ պարզապես խաղ խաղալ ու ֆիլմ դիտել:
Նրա նամակագրությունը: Բնավ պարտադիր չէ ունենալ սոցիալական կայքերի նրա բոլոր էջերի ու էլեկտրոնային փոստերի գաղտնաբառերը: Օրվա մեջ մի քանի անգամ նրա էջերը մուտք գործելը լավ բանի, հավատա, չի բերի: Արդյունքում՝ դու միանշանակ կգտնես մի աղջկա, ով փորձում է գրավել սիրելիիդ, կգտնես սիրելիիդ կողմից ուղարկված նամակներ, որտեղ նա հաճոյախոսում է իր գործընկերուհիներից մեկին ու անպայման մտերիմ ընկերոջ հետ նամակագրություն, որի բովանդակությունը քեզ այնքան էլ պարզ չի լինի ու այդ պատճառով շատ կասկածելի կթվա: Իրոք որ, նրա հետ վիճելու առիթներ կստեղծվեն: Չնայած, եթե անկեղծ լինենք, մեր նամակագրություններն էլ միշտ չէ, որ բոլորովին անմեղ են լինում:
Նրա անձը: Կարիք չկա նրան կես ժամը մեկ հիշեցնելու, որ հաց ուտի, որ տաք հագնվի, որ զգույշ վարի մեքենան: Նա քո սիրելին է, այլ ոչ թե երեխան և բավական մեծ է՝ ինքնուրույն գործելու համար: Երբեք չփորձես նրա համար մայրիկ դառնալ: Դա միայն կվնասի ձեր հարաբերությունները: Պետք է տալ նրան ինքնուրույն գործելու և ինքնուրույն որոշում կայացնելու ազատություն:
Ի՞նչ է ստացվում: Անգամ եթե նա խենթի պես սիրահարված է քեզ, ու դուք աշխատանքից միշտ միասին եք տուն վերադառնում, ձեզանից յուրաքանչյուրը պետք է ունենա միայն իրեն հատկացված ժամանակը: Առանձին անցկացված երեկոն կստիպի, որ կարոտեք միմյանց: Կարիք չկա, որ դու վայրկյանը մեկ ստիպես նրան պատմել, թե ինչ խնդիրներ ունի աշխատավայրում. դա էլ է նրա անձնական «տիրույթը»: Հավատա, նա ինքը կկիսվի քեզ հետ, երբ դրա կարիքն ունենա: Տղամարդը պետք է հասկանա, որ դուք միասին եք, բայց միևնույն ժամանակ ինքը չի կորցնում իր ազատությունը:
cosmo.am