«Կյանքից հեռացավ կյանք ու ժպիտ պարգևողը, ծիծաղի թագուհին, որը 60 տարուց ավելի մարդկանց խինդ նվիրեց, ստեղծեց այնպիսի բեմատիպարներ, որոնք միշտ կմնան մեր բեմարվեստի պատմության մեջ: Սվետլանա Գրիգորյանի կյանքը թատրոնին անմնացորդ նվիրման վառ օրինակ էր, նրա համար թատրոնն ընտանիք էր, սեր էր, կյանք էր»,- ասել է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Նշենք, որ Սվետլանա Գրիգորյանը ծնվել է 1930թ. սեպտեմբերի 30-ին, Երեւանում: Բեմում հայտնվել է 13 տարեկանում, երբ թատերական ուսումնարանի սան է եղել: Ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը:

1949թ-ից, Վարդան Աճեմյանի հրավերով, խաղացել է Երեւանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Խաղացել է ավելի քան 150 դեր` Սիմա` «Մի քաղաք կա Վոլգայի վրա», Մարիետա` «Բայադերա», Կոլոմբինա` «Վենետիկյան երկվորյակներ», Լիքսենա` «Պարերի ուսուցիչը», Նունուֆար` «Հին հիվանդություն», Մարթա`«Ատամնաբույժն արեւելյան», Ժաննա` «Ռոզ Մարի», Նատա` «Սոֆիկի սխալը», Դիաննա` «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք», Ռոզալյա` «Չանիտայի համբույրը», Ժիկվան` «Տիկին Միսիստրուին», Ռոզը` «Տաքսի-տաքսի», Սաթենիկը` «Իմ զոքանչը» եւ այլն: 1958թ. եղել է հայ հեռուստաթատրոնի հիմնադիրներից մեկը:

Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի եւ մրցանակների: 2009թ. Լոս Անջելեսում նրան է հանձնվել«Ծիծաղի թագուհի» տիտղոս: 55 տարի եղել է դերասան Կարպ Խաչվանքյանիխաղընկերը: Արժանացել է ԽՍՀՄ վաստակավոր, 1987թ.` ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Արժանացել է նաեւ ՀՀ «Մովսես Խորենացի» ու Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալների:

Երեւանի պատվավոր քաղաքացի է: 2011թ. հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել է ՀՀ 1-ին աստիճանի մեդալով:

news.am