Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ընթանում է Սեյրան Վանեսյանի, Գարիկ Գինոսյանի և Մովսես Մանուկյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 22-ամյա Սեյրան Վանեսյանն ու Մովսես Մանուկյանը խմբի կազմում կատարել են զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, իսկ նրանց ընկերը՝ 23-ամյա Գարիկ Գինոսյանը, առանց զենքի, բայց բռնության գործադրմամբ, խմբի կազմում է կատարել խուլիգանությունը՝ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 2013 թվականի օգոստոսի 23-ի կեսգիշերին Սեյրան Վանեսյանը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, ավտոմեքենայի ձայնային ազդանշան տալու հարցի շուրջ Աբովյան քաղաքի «Օրիգինալ» սուպերմարկետի դիմաց «օրիգինալ» կերպով վիճաբանել է Աբովյան քաղաքի բնակիչ Հ. Լալայանի հետ:

Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ Վանեսյանը Լալայանի հետ վիճաբանության ժամանակ իր մոտ պահվող, որպես զենք օգտագործվող առարկայով՝ կռփազենքով հարվածներ է հասցրել Լալայանի գլխին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Այդ ժամանակ «Օրիգինալ» սուպերմարկետի մոտ են գնացել Վանեսյանի երկու ընկերները՝ նույնպես ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Մովսեսը և Գարիկը:

Նրանք միացել են իրենց ընկերոջը, խմբի կազմում վիճաբանել են Լալայանի հետ, կատարել խուլիգանություն, որի ընթացքում Մովսես Մանուկյանը որպես զենք օգտագործվող առարկայով՝ կռփազենքով հարվածներ է հասցրել տուժող Լալայանի դեմքին՝ պատճառելով առողջության թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Ապա նա շարունակել է իր խուլիգանական գործողությունները, նույն կռփազենքով դիտավորությամբ հարվածել է տուժող Լալայանի կնոջ դեմքին ու կրծքավանդակին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Մովսեսը չի խնայել ոչ միայն տուժողի կնոջը, այլ նաև նրա ավտոմեքենան, ոտքերով հարվածել է մեքենային ու տուժողին պատճառել 22 հազար դրամի գույքային վնաս:

Գարիկ Գինոսյանը, ըստ մեղադրանքի, բռունցքով ու ոտքով է հարվածել Լալայանի մարմնի տարբեր մասերին:

Երեք ամբաստանյալների խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

1in.am