Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությանը նախորդել է վիճաբանություն նրա ու մեկ այլ կուրսանտ Կարեն Բաղրամյանի միջեւ, ինչից հետո սպանության մեջ մեղադրվող կուրսանտները Հայկազին կանչել, տարել ու ծեծել են: Այս մասին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 18-ին, գործով դատական առաջին նիստից հետո լրագրողներին ասաց սպանվածի հայրը՝ Արկադի Բարսեղյանը:

«Հայկազն ու եւս հինգ տղա Կարեն Բաղրամյանին ճաշարանում նկատողություն են արել փնթի ուտելու համար: Կարենն էդ վեցին ասել ա՝ գնացեք, ուրիշ սեղանին նստեք, իրանք էլ ասել են՝ դու գնա, ու Կարենը գնացել ա: Դա տեսել ա Վաչեն, որը իրանց մոտ զոն նայող ա իբր, եկել, հարցրել ա՝ ով ա ասել Կարենին տենց բան, բոլորով պատասխանել են, որ իրանք: Հետո կուրսանտներից Վարազդատն ու Գնելն են գալիս, Հայկազին ասում` ով ես եղել, որ նման բան ես ասում, կոնֆլիկտ ա լինում: Դրանից հետո կեսգիշերին գալիս, Հայկազին կանչում, տանում, ծեծում են»,- պատմեց հայրը՝ նշելով, որ կուրսանտները լինում են ալկոհոլի ազդեցության տակ, քանի որ այդ օրը նրանցից Վաչե Սահակյանի ծննդյան օրն են նշելիս լինում:

Հոր խոսքով՝ վկաները պատմել են, որ Հայկազը կես ժամ անց վերադառնում է սենյակ՝ արդեն ծեծված, ասում՝ «էս ի՞նչ արեցին էս անասունները հետս», հայհոյանք ասում իրեն ծեծողների հասցեին, ինչից հետո սենյակում գտնվող կուրսանտներից մեկը դուրս է գալիս, 5 րոպեից վերադառնում, դրանից էլ 10 րոպե անց սենյակ են գալիս սպանության մեջ մեղադրվող կուրսանտները:

«Վաչեն Մովսեսի հետ ոտքերն են բռնում, Նորայրը վերեւից ա հարվածներ հասցնում, Գնելն էլ դանակով խփում, երակն ա կտրում: Էդ ժամանակ փսխում ա էրեխեն, Գնելն ասում ա՝ ադյալը գցենք վրեն, թող տեղերի մեջ հետ տա»,- պատմեց Արկադի Բարսեղյանը՝ նշելով, որ դրանից հետո վկաները լսել են, թե ինչպես է Հայկազը խռխռացնում անկողնում:

Ըստ վկայությունների՝ խեղդելուց հետո ուզեցել են երրորդ հարկից ցած նետել Հայկազին, սակայն մտածել են, որ այդպես կմատնեն իրենց, ու որոշել են քանդել բաճկոնի քուղերն ու դրանցով կախել Հայկազին: Ապա նրանցից Մովսեսը Հայկազի տետրի միջից թուղթ է պոկել ու նրա անունից գրել «քաշքշուկի մեջ ոչ մեկին չմեղադրեք, ես հոգնել եմ էս ամեն ինչից»:

Արկադի Բարսեղյանի խոսքով՝ այդ ընթացքում կուրսանտներից Վարազդատը սպասելիս է եղել դրսում, որ եթե հանկարծ մեկը գա, ինքը տեղեկացնի մյուսներին:

Արկադի Բարսեղյանը նշեց, որ ցմահ ազատազրկում է պահանջելու որդու սպանության մեջ մեղադրվողների համար:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող, 19–ամյա Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Սպանության մեջ մեղադրվում են կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու համար (պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ):

Գործով առաջին դատական քննությունն այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց պաշտպաններից երկուսի բացակայության պատճառով:

Տուժող կողմը գոհ է նախաքննությունից, պաշտպանական կողմը` դժգոհ: Ըստ կուրսանտների փաստաբանների՝ նախաքննությունը ձեռք չի բերել իրենց պաշտպանյալների մեղավորությունն ապացուցող բավարար փաստեր։

news.am