Ադրբեջանի հետախուզական ծառայություններին հավաքագրվելու մեջ մեղադրվող՝ Թուրքիայում բնակվող 4 հայերն իրենց մեղավոր չեն ճանաչում: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով առաջին դատական նիստին հայտարարեցին մեղադրյալները՝ Ռաֆիկ Պապոյանը, Կարինե Ղումաշյանը, Սերգեյ Պապոյանը եւ Դիանա Գորոյանը:

Դատարանն այսօր սահմանեց ապացույցների հետազոտման կարգ: Դատական նիստը հետաձգվեց պաշտպանի բացակայության պատճառով: Հաջորդ դատական նիստին, որը կկայանա փետրվարի 10-ին, վկաներ կհարցաքննվեն:

Ռաֆիկ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում, հավաքագրվել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած, Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան ավունով ներկայացած անձի կողմից և կատարել այդ հետախուզական ծառայության առաջադրանքները` Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրել Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար հետաքննություն ներկայացնող անձանց ու հավաքագրման նպատակով ծանոթացնել նրա հետ:

Կարինե Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում, ընկել է այդ երկրի տարածքում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը և 2013թ. հավաքագրվել այդ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Արման անունով ներկայացած անձնավորության կողմից: Ստանալով վարձատրություն` ընդհանուր մոտ 1500 ԱՄՆ դոլլար գումարի չափով, ստացել է առաջադրանք` կիրառելով գաղտնապահության կանոնների պահպանման մեթոդները` Հայաստանի տարածքից չզանգահարել Արման անունով ներկայացած անձին և այդ ծանոթության մասին ոչ մեկին չհայտնել:

Սերգեյ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թուրքիայում բնակվող հոր` Ռաֆիկ Պապոյանի ուղղորդմամբ, Վրաստանի Թբիլիսի քաղաքում հանդիպել է Ադրբեջանի հետախուզականմ ծառայությունների աշխատակիցը հանդիսացող, Սեյրան անունով ներկայացած անձի հետ և հավաքագրվել վերջինիս կողմից` տրամադրելով տեղեկություն ԼՂՀ Մարտունու շրջանում որպես հետախույզ ժամկետային զինծառայության ընթացքում տիրապետած տեղեկությունների վերաբերյալ: Վճարելով 750 ԱՄՆ դոլլար գումար` վերոհիշյալ Սեյրանը տվել է առաջադրանք` ընդունվել պայմանագրային ծառայության Մատաղիսի զորամասերից մեկում և տեղեկություններ հայտնել այդ զորամասի մասին համացանցի «սկայպ» ծրագրի կամ «օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով:

Դիանա Գորոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հորաքրոջ աղջիկը հանդիսացող Կարինե Ղումաշյանից տեղեկացել է, որ Թուրքիայում գտնվելու ժամանակ, ծանոթացել է Արման անունով ներկայացած մի անձի հետ, որը գումար և նվերներ է տրամադրել նրան, հեռախոսային խոսակցության ընթացքում Կարինե Ղումաշյանից իմացել է, որ Արման անունով ներկայացած այդ անձնավորությունը հանդիսանում է արտասահմանյան հետախուզական ծառայության աշխատակից: Գիտակցելով, որ խոսքը գնում է վերոհիշյալ Արմանի կողմից Կարինե Ղումաշյանին հավաքագրելու, ինչպես նաև Կ. Ղումաշյանի որդուն` Տիգրան Կարապետյանին հավաքագրելու նախապատրաստության, այն է նախապատրաստվող պետական դավաճանության մասին, Դիանա Գորոյանը այդ մասին չի հայտնել իրավապահ մարմիններին:

news.am