«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցած` ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը առաջարկել է խորհրդարանական լսումներ կազմակերպել հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած` Ավետիսյանների ընտանիքի դեմ կազմակերպված ոճրագործության վերաբերյալ: Նա պահանջել է, որ այդ լսումներին հրավիրվեն Հատուկ քննչական ծառայության ղեկավար Աղվան Հովսեփյանը, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը եւ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի ղեկավարը, ովքեր պետք է պատգամավորներին պարզաբանումներ ներկայացնեն, թե ինչ ընթացքում է Ավետիսյանների դեմ իրագործված ոճրագործության բացահայտումը:
Երբ Զարուհի Փոստանջյանն առաջարկել է հրավիրել նաեւ ռուսական կողմին, ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանն առարկել է, որ Հայաստանի խորհրդարանը նման լիազորություն չունի, որ ռուսները, միեւնույն է, չեն գա:
«Ջհանգիրյանի մոտեցումն ինձ համար պարզ է. նրանք ռուսամետ դիրքորոշում ունեն եւ չեն ցանկանում, որ ռուսներն իրենցից դժգոհ մնան: Որվհետեւ ի՞նչ է նշանակում` ռուսները չեն գա, մեր խնդիրը նրանց հրավիրելն է, եթե չեն գալիս, դա էլ է ինչ-որ բանի ապացույց»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:
Իսկ ի՞նչ կապ ունի խորհրդարանական այս քննարկումների հետ ռուսամետությունը կամ, ընդհակառակը, ռուսատյացություն, եթե պատգամավորը ցանկանում է, որ քննարկվի հանցագործության բացահայտման ընթացքը եւ հնարավոր լինի պարզաբանել, թե ինչ նոր տեղեկություններ կան գործի քննությունից: Ամբողջ խնդիրն այն է, որ Զարուհի Փոստանջյանն այնպիսի հարցադրումներ է անում, որոնք, ըստ էության, քաղաքական են, եւ ռուսական ռազմաբազայի ղեկավարությունն ու ռուսական իշխանությունները կարող էին մտահոգվել նման հարցադրումների գոյությունից:
Մասնավորապես` Փոստանջյանն ուզում է հավաստիանալ, թե արդյո՞ք կա Պերմյակով կոչվող անձը, թե՞ նա մտացածին է: «Իսկ ո՞վ է ասում, որ Պերմյակով ընդհանրապես կա, որ մենք էլ վիճում ենք, թե որտեղ պետք է նա իր պատիժը կրի: Ո՞վ է տեսել կենդանի Պերյակովին: Նրանք ովքեր ասում են, որ տեսել են Պերմյակովին, ես նրանց չեմ հավատում: Թող հրապարակային ցույց տան այդ հանցագործին, թե չէ ես իրավունք ունեմ մտածելու, որ դա հատուկ իրականացված գործողություն էր` ուղղված հայ ընտանիքի դեմ, որտեղ իրար հետ ապրում էին երեք սերունդներ»,- ասում է պատգամավորը:
Բայց ավելի վտանգավոր է Զարուհի Փոստանջյանի մեկ այլ ենթադրություն, որը վերաբերում է հանցագործության մոտիվին, եւ որի վերաբերյալ որեւէ բան չի ասվում: «Այդ սպանությունը կարող էր պատվիրված լինել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից, որոնք կարող էին շատ մեծ փողերով գնել ռազմաբազայի կոռումպացված պաշտոնյաներին: Մենք պետք է քննարկենք բոլոր հնարավոր տարբերակները, որովհետեւ դա աննախադեպ ոճրագործություն էր եւ կարող էր ուղղված լինել հայ մարդու, հայկական ընտանիքի` իր հողում, իր քաղաքում անվտանգ ապրելու իրավունքի դեմ»,- մտածում է ԱԺ պատգամավորը: Նա ասում է, որ եթե այդ ենթադրությունը հաստատվի, ապա կստացվի, որ ռուսական ռազմաբազան Հայաստանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու փոխարեն դառձել է սպառնալիքի աղբյուր:
Թեեւ Փոստանջյանն ասում է, որ ինքը հետամուտ է լինելու, որ խորհրդարանական լսումները կազմակերպվեն, բայց մենք վստահ ենք, որ դրանք չեն կազմակերպվելու, որովհետեւ ռուսների դեմ հանդես չի ուզում գալ ոչ միայն Գագիկ Ջհանգիրյանը, այլեւ խորհրդարանի պատգամավորների 99 տոկոսը կամ գուցե մի քիչ ավելին»: