Cosmo խմբագիրներն առաջարկում են սեզոնի ամենակրքոտ ու ամենահեշտ իրականացվող սանրվածքները: Դե ինչ, պատրաստվիր նախանձի ալիք բարձրացնել մազերիդ միջոցով:
Համարձակորեն կողք տարված մազեր
Մազերի զգալի մասը կողք տանելը քո երբևէ փորձած ամենաթրենդային ու ամենահեշտ սանրվածքն է: Մազերդ խոնավ վիճակում կողք տար և ֆենով չորացրու: «Տաքությունն օգնում է «սանձել» մազերը` փոխելով բնական աճի ուղղությունը»,- ասում է Ջոնի Լավոյը՝ L’Oréal Paris-ի աստղային ոճաբանը: Այնուհետև կարող ես հարդարել այնպես, ինչպես ուզում ես:
Բարձր «գագաթ»
Բրիջիտ Բարդոյի ոճով սանրվածքը միշտ էլ սեքսուալ է համարվել, իսկ այս սեզոնին այդ ոճն առավել քան նորաձև է: «Մազարմատներին ծավալ հաղորդող մուս քսիր, ապա մազերին ծավալ հաղորդիր` դրանք խոնավ վիճակում սանրով առաջ սանրելով, այնպես որ գագաթի մազերը ծածկեն դեմքը: Մազերի ներսի հատվածը չորացրու ֆենով, որպեսզի ծավալ հաղորդես մազարմատներին»,- խորհուրդ է տալիս Herbal Essences-ի աստղային ոճաբան Չարլզ Բեյքեր Սթրեհենը: Այնուհետև գզիր նույն հատվածը` քո նախընտրած բարձրությունը հաղորդելու համար: Եվ վերջում ստացիր թրենդային տեսք. կրիր գլխակապ կամ պարզապես հետ սանրիր մազերդ` ստանալով բազեի կերպար:
Խնամված, կոկիկ մազափնջեր
Մազերը լվանալիս օգտագործիր հարթացնող շամպուն և բալզամ, ապա մազափնջերին քսիր ջերմությունից պաշտպանող քսուք (սա շատ կարևոր է, քանի որ օգտագործելու ես ջերմության երկու աստիճան): «Տափակ սանրի և ֆենի միջոցով չորացրու մազերդ՝ ֆենը պահելով դեպի ներքև՝ հարթ մազեր ստանալու համար»,- խորհուրդ են տալիս վարսահարդարները: Վերջում կատարյալ տեսք ստանալու համար մազերդ հարթեցրու արդուկով (եթե մազերդ գանգուր են, արդուկը հարկավոր է կիրառել 2-3 անգամ):
Համարձակ «կառե»
Աշնանային ցուցադրությունների ժամանակ սովորաբար գերակշռում են երկար սանրվածքները, սակայն այս սեզոնին, ինչպես պարզվեց, նորաձև են նաև կարճ սանրվածքները: Եթե պատրաստ ես կտրել մազերդ, ընտրիր «կառե» սանրվածք՝ մոտ 2 սմ ցածր դնչիկից (ինչպես վերևում պատկերված սևահեր մոդելինը): Իսկ եթե պատրաստ չես հրաժարվել երկար մազերից, «կեղծիր» սանրվածքդ, ինչպես շիկահեր մոդելը:
Մազափնջերին չորացնող շամպուն քսիր (փորձիր Tresemmé Fresh Start Volumizing Dry Shampoo-ն), որպեսզի մազակալն ավելի լավ պահի սանրվածքը: Այնուհետև մազերդ ցածր պոչ հավաքիր, ծայրերից ամրացրու և փոքր-ինչ թափահարիր: Վերջում պտտեցրու և «թաքցրու» պոչը՝ այն ամրացնելով ծոծրակին:
Լուսանկարը ըստ Shutterstock-ի