Գիշերն ամուսինը փոցխով կնոջը սպանել է, ինչ է թե կինը խանդի տեսարաններ է սարքել ու երդումը խախտել: Նման պատմություն է ներկայացնում «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խումբը:
Փետրվարի 15-ի գիշերը ամուսինը փոցխով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը: Ամբողջ մարմինը գյուղատնտեսական այդ գործիքով ծակծկելուց հետո ամուսինը չի հանգստացել, ու նաեւ մետաձողով է հարվածել կնոջ գլխին:
Կնոջը սառնասրտորեն սպանած այս տղամարդուն` Գրիշա Մարտիրոսյանին Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի նրա հարեւանները մեզ հետ զրույցում բավականին դրական էին նկարագրում, բոլորը մեկ մարդու պես նույն բանն էին ասում` «Ոսկի տղա էր, շատ ափսոս, արտակարգ լավ մարդ էր»: Իսկ սպանված կնոջ` Ժենյա Հարությունյանի մասին շատ բացասական կարծիքներ էին հայտնում այդ նույն հարեւանները. բացասական, որովհետեւ Ժենյան չէր համապատասխանում հայկական ադաթներով հայ կնոջ, կամ օջախի պահապան կին կերպարին: 43-ամյա Ժենյան, այսպես ասած` ոգելից խմիչքի հետ սեր ուներ, երբեմն ամուսնու հետ միասին խմում էին, գուցեեւ «տնական» կին չէր, եւ զանազան ճաշատեսակներ պատրաստել չգիտեր, կամ ասենք` փոքրիկ վագոն-տնակը, ինչպես հարեւաններն էին պատմում, մաքուր ու կոկիկ չէր պահում, բայց արդյոք արժեր այս տեսակ վարքագծի համար կնոջը դաժանորեն սպանել: «Դե չգիտենք, ամեն դեպքում, Գրիշան մեղկ է, ոսկի տղա էր, Ժենյան էդ խեղճ տղուն լավ չէր նայում»,-ասում էին հարեւանները:
«Է, լավը չէր կնիկդ, խմող էր, ինչ էր, թեւից բռնեիր դուրս շպրտեիր, բաժանվեիր, ինչի՞ գազանի պես սպանեցիր, հո հավ չէ՞ր, վիզը պոկեիր մի կողմ շպրտեիր»,- մեզ հետ զրույցում ասում է Ժենյայի քույրը` Ժաննա Հարությունյանը:
Սպանությունը տեղի է ունցել ամուսինների համատեղ բնակության վագոն-տնակի բակում, Գրիշան սպանելուց հետո կնոջ դին ներս է բերել տնակ ու դրել թախտին, ինքն էլ հանգիստ պառկել քնելու:
Գործով զբաղվող քննչական խմբի ղեկավար, քննիչ Սպարտակ Պողոսյանն ասում է, որ միայն առավոտյան, երբ Գրիշան հայտնաբերել է, որ կինը չի շնչում, զանգահարել է կնոջ քրոջն ու հարեւաններից մեկին, եւ հենց այդ հարեւանն էլ նրան հորդորել է ինքնակամ ներկայանալ ոստիկանություն եւ զանգահարել շտապ օգնություն:
Քննիչը պատմում է, որ սպանության օրը Գրիշան էլ, Ժենյան էլ, որոնք փաստացի ամուսիններ էին, ոգելից խմիչք են օգտագործած եղել` Ժենյայի մահացած քրոջ հոգեհանգստի արարողությանը` Չարենցավան քաղաքում:
Ամուսինները Չարենցավանից վերադարձել են գյուղ Առատաշեն` Ժենյայի քրոջ տուն, Գրիշան Ժենյային թողել է քրոջ տանն ու նորից վերադարձել Չարենցավան: Իսկ Ժենյան սկսել է ամուսնուն կասկածել, թե Գրիշան գնում է սիրուհու մոտ, ապա, գուցե խանդից, ինքնատիրապետումը կորցրած Ժենյան, թեեւ ամուսնուն խոստացել էր, որ խելոք կսպասի նրա վերադարձին, սակայն խախտել է խոստումն ու զանգահարել սկեսուրին, տեղեկացրել, որ ինքն էլ է պատրաստվում գնալ Չարենցավան` Գրիշայի հետեւից: «Մերն էլ զանգել ա Գրիշային ու ասել, թե կնիկդ գալիս ա: Գրիշան էլ կատաղած հետ եկավ մեր տուն, թե բա` ո՞ւր ա Ժենյան, հարցրեցի` ի՞նչ ա եղել, ասեց`տանում եմ, առավոտը կգաք դիակը կտանեք, երդվում եմ թոռներիս արեւ, հենց տենց էլ ասեց: Ժենյային մեր տունը թողելու պահին ստիպեց, որ իրա տղու` Հայկի արեւով երդվի Ժենյան, որ հետեւից Չարենցավան չի գնա, քուրս էլ երդվեց: Բայց հետո սկսեց մտածել, որ էդ տաքսու վարորդի հետ Չարենցավան մի հատ աղջկա մոտ են գնում. ու իրոք, մենք լսել էինք, որ Երեւանից մի աղջիկ ա եկել Չարենցավան, ու էդ վարորդը պիտի գնար մոտը, դե Գրիշան էլ հետն էր, ու տենց խանդեց ու որոշեց գնա Գրիշայի հետեւից: Գրիշան, որ կատաղած հետ եկավ, քրոջս ասում էր` բա դու իմ սրբության, Հայկի արեւով էիր երդվել, էդ էր պատճառը, որ տենց գազանաբար գլուխը ջարդելով սպանել ա Ժենյային: Դա էլեկտրիկի իրա մեծ, կես մետրանոց գործիքով Ժենյայի գլուխը բացել ա, հետո փոցխով էնքան ա խփել, որ սիրտ, թոք ու մյուս օրգանները ծակել էր, օրգան չէր թողել»,-պատմում է սպանվածի քույրը` Ժաննա Հարությունյանը: Դեպքը գրեթե նույնությամբ մեզ նաեւ քննիչն է ներկայացրել:
Գրիշան էլ, Ժենյան էլ նախկինում դատված են եղել. սպանվածի քույրը պատմում է, որ ինքը քրոջ հետ շատ վատ, ծանր մանկություն է ունեցել, հետո ինքը ամուսնացել է, ու քրոջ հետ կապը խզվել էր, ընդամենը վերջին 2 տարում է վերսկսվել շփումը քրոջ հետ, նույնիսկ ուրախացել էր, որ քույրը ընտանիք է կազմել, հույս ուներ որ ամեն բան լավ կլինի. «Որ եկել էին մեր տուն, իրար ջան էին ասում, էնի նրան էր ասում` մեռնեմ ջանիդ, էն էլ` նրան: Ասում էի, երկուսդ էլ նույն ճակատագիրն եք ունեցել, իրար հետ նոր կյանք սկսեք, խորհուրդներ էի տալիս: Գրիշան ամուսնուս հետ պիտի գնար Ռուսատան` աշխատելու, եսիմ է, մտածում էինք` լավ կլինի: Բայց մի անգամ նկատեցի, որ Ժենիկի մարմնին կապտուկներ կան, երբ հետաքրքրվեցի, ասեց` քուր ջան, դե ամուսին ա, խփել ա, բայց ընդհանուր իրար հետ հաշտ էին, Ժենյան չէր բողոքում»,-պատմում է տիկին Ժաննան:
Իսկ Գրիշային հարեւանները գովում էին. ինչպես սպանվածի քույրն է մեզ վստահեցնում, ոորովհետեւ նա գյուղի էլեկտրիկն էր ու բոլորին օգնության էր հասնում ցանկացած պահի: Էլեկտրաէներգիայի վարձը հարեւաններն ամիսնրով չէին վճարում, Գրիշան չէր էլ ստիպում, իսկ Ժենյան` հակառակը, վարձը չմուծող հարեւաններին հորդորում էր գումարը շուտ փոխանցել. «Այ դրա համար էլ գովում էին Գրիշային, քրջոս` քցում»: Գրիշային, որպես լավ աշխատող, մեզ հետ զրույցում նաեւ նրա գործատուն դրական է նկարագրում. «Շատ լավ ու բարեխիղճ աշխատող էր, իր պարտականություններից ավելին էլ էր անում»:
Գրիշա Մարտիրոսյանին սպառնում է 8-15 տարի ազատազրկում, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ` «Քրեական օրենսգրքի» 104 հոդվածի 1-ին մասով: Նախաքննական փուլն ավարտված է, գործն ուղարկվել է դատարան: Քննիչն ասում է` Գրիշան ամբողջությամբ մեղքն ընդունել է, զղջում է: