Առաջին պլան են մղվում կարիերան և կայուն ֆինանսական վիճակի ձգտումը: Իսկ դա իր հերթին անձնական կյանքի համար ոչ ժամանակ, ոչ էլ ուժ է թողնում:
Այո, և վերաբերմունքն էլ է փոխվել երեսուն տարեկան և միայնակ կանանց հանդեպ: Նրանք այլևս հասարակության կողմից չեն արժանանում բծախնդիր քննադատության ու արհամարհանքի: Միայնակ լինելն արդեն ամոթ չէ: Բայց, եթե դուք ամեն դեպքում պատկանում եք այն կանանց դասին, ովքեր ցանկանում են ամուսնանալ ու ստեղծել իրենց անձնական ընտանեկան կյանքը, ապա կարդացեք սա: Այն ձեզ կօգնի այդ հարցում…
Ի՞նչն է խանգարում ամուսնանալուն …
Որպեսզի ամուսին գտնեք ու ստեղծեք երջանիկ ընտանիք, պետք է սկսեք ինքներդ ձեզանից: Թվեմ մի քանի հոգեբանական գործոններ, որոնք խանգարում կամ իրենց բացասական ազդեցությունն են ունենում կանանց` իրենց անձնական երջանկության համար մղած պայքարում :
Ուռճացած , ավելորդ պահանջներ…
Երեսունից հետո կողակցի ընտրությունն առաջին հերթին դժվարանում է այն պատճառով, որ կինն արդեն հասունացել, կայացել է`որպես անձնավորություն, և նրա մոտ արդեն առաջացել են առանձնացված, շեշտված որոշակի պահանջներ տղամարդկանց առումով: Նա նայում է ոչ միայն արտաքինին և իր օրգանիզմի ռեակցիային հակառակ սեռի այս կամ այն ներկայացուցչի հանդեպ, այլ նաև շատ ու շատ ուրիշ բաների, որոնք նրա համար տվյալ պարագայում ավելի առաջնային են:
Կնոջը հետաքրքրում է իր պոնտենցիալ փեսացուի սոցիալական կարգավիճակը, ֆինանսական դրությունը , վերաբերմունքը երեխաների հանդեպ , ապագայի վերաբերյալ վերջինիս հեռանկարները , աշխարհայացքը և այլն : Իսկ դա բավականին նվազեցնում է հնարավոր ու ցանկալի փեսացուների շրջանակը :
Այդ պատճառով, եթե դուք ամեն դեպքում ցանկանում եք ամուսին ունենալ , ապա ձեր պահանջներն այդ առումով պետք է կրճատեք ` հասցնելով նվազագույնի : Կենտրոնացեք ոչ միայն դրամապանակի և սոցիալական կարգավիճակի , այլև հոգևոր ներդաշնակության և հարմարավետության զգացողության վրա , որը կարող է առաջանալ կամ նույնիսկ չառաջանալ տվյալ տղամարդու հետ շփման ընթացքում :
Ներքին , սևեռուն մտքեր …
Եվս մեկ հոգեբանական գործոն , որը խանգարում է ամուսնությանը ` «Ես պարտադիր պետք է գտնեմ ինձ համար ամուսին»: Ահա այսպիսի հստակ , նպատակադրված ու սևեռուն մոտեցումը հետք է թողնում կնոջ ինչպես արտաքինի , այնպես էլ բնավորության ու խառնվածքի վրա : Այդպիսի կանանց հայացքը դառնում է «փնտրող», կինն այսպես ասած ազդանշան է տալիս տղամարդկանց , որ ինքը ոչ թե սիրեկան , այլ ամուսին է փնտրում: Իսկ դա վախեցնում է տղամարդկանց , ու նրանք փորձում են որքան հնարավոր է հեռու մնալ այդպիսի կնոջից :
Ոչ թե պլանավորեք ու ղեկավարեք , այլ «Բա՛ց թողեք» իրավիճակը , վերաբերվեք ձեզ շրջապատող տղամարդկանց ` որպես մարդկանց , ում հետ կարելի է պարզապես հաճելի ժամանակ անցկացնել : Արկածներ փնտրող կնոջ կերպարը շատ հաճախ ավելի է գրավում տղամարդկանց , քան նրանց , ում դեմքին գրված է ` «փնտրում եմ ամուսին»: Տղամարդիկ բնույթով որսորդներ են և վախենում են , եթե հասկանում են , որ որսը տվյալ պարագայում իրենք են :
Ներքին հակասություններ և կոնֆլիկտ…
Հաջորդ հոգեբանական գործոնը ներքին հակամարտությունն է , ներքին հակասությունները : Մի կողմից կինը երազում է ընտանիքի մասին , իսկ մյուս կողմից նրա մեջ արմատացած սովորույթներն են , որոնցից շատ դժվար է բաժանվել : Հարցրե՛ք ինքներդ ձեզ ` իսկ պատրա՞ստ եք արդյոք փոխվելու , հարմարվելու մի նոր կերպարի , և հատկապես ինչի՞ց պետք է հրաժարվեք : Եվ պատասխանե՛ք այդ հարցերին առավելագույնս անկեղծ : Մի բան է վերացական երազանքները , իսկ մեկ այլ բան հստակ գիտակցումը նրա , ինչի միջով անհրաժեշտ կլինի անցնել :
Շատ հաճախ կանայք հենց իրենք են ենթագիտակցորեն վանում իրենցից պոտենցիալ փեսացուներին , երբ հասկանում են , որ հանուն ամուսնության պետք կլինի ինչ -որ բան զոհաբերել : Մի բան լա՛վ հիշեք , ձեր փնտրտուքները իմաստ կունենան , նույնիսկ կարող են նաև պսակվել հաջողությամբ միայն այն ժամանակ , եթե դուք պատրաստ կլինեք այդ զոհաբերությանը և անկեղծորեն կցանկանաք կազմել ընտանիք , ամուսին ու երեխաներ ունենալ: Եվ բացի դրանից , այդ ամուսնությունը չպետք է ձեզ համար լինի լոկ «միայնակ կնոջ» կերպարի քողարկում «ամուսնացած տիկնոջ» կերպարով :
Ցածր ինքնագնահատական …
Շատ կանայք կարծում են , որ եթե իրենց չի հաջողվել մինչև երեսուն տարեկանը կառուցել իրենց սեփական անձնական կյանքը , ապա այդպես էլ չեն կարողանա , և շատ հեշտությամբ ընկնում են հուսահատության գիրկը : Եթե նույնիսկ նրանց մոտ ամեն ինչ հիանալի է` ունեն իրենց սեփական բնակարանը , հաջող ու ամուր կարիերա , բարձր աշխատավարձ , շատ ընկերներ ու հետաքրքրությունների մեծ շրջանակ : Նրանց ենթագիտակցության մեջ կա ձևավորված այսպիսի կարծրատիպ ` «ինձ հետ մի բան այն չէ »:
Եվ ստացվում է փակ շրջան : Այդ ժամանակ կինը չի կարողանում սիրել ու գնահատել իրեն, իսկ դա նշանակում է , որ նրան շրջապատող տղամարդիկ ևս արժանի չեն սիրի ու չեն գնահատի նրան : Սովորե՛ք սիրել և գնահատել սեփական ձեռքբերումները : Եվ մի՛ մոռացեք պատմել դրանց մասին բոլորին , ով գտնվում է ձեր կողքին : Մարդկանց մոտ պետք է տպավորություն ստեղծվի , որ դուք խելացի եք , գեղեցիկ , հաջողակ կյանքի բոլոր բնագավառներում և հարթություններում : Չկա՞ ընտանիք : Բայց միթե դա ձեր մեղքն է : Դա ձեր խնդիրը չէ, այլ նրանց , ովքեր ձեզ թողել են : Փոխե՛ք ձեր հայացքն ու մոտեցումը միայնակության հանդեպ , և ձեզ շրջապատողներն էլ իրենց հերթին կփոխեն սեփական վերաբերմունքը ձեր հանդեպ :
Հոգեբան Սոցիոլոգ Անուշ Պետրոսյան