Արդեն հայտնել ենք, որ այսօր հրապարակված` «Հարսնաքարի» գործով վճիռն ուղեկցվել է տհաճ միջադեպով: Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը` տիկին Մարինեն, որդու վերաբերյալ վճռի հրապարակումից հետո բղավեց` վերևն Աստված կա, ապա կանգնեց նստատեղին և ձեռքին եղածը նետեց դատավոր Դավիթ Հարությունյանի ուղղությամբ:

 

Դատական կարգադրիչներից, ոստիկաններից և քաղաքացիներից մեծ ջանքեր պահանջվեցին դատարանի և լրագրողների հասցեին անպարկեշտ հայհոյանքներ հնչեցնող կնոջը հանգստացնելու համար:

 

Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանը, ով այսօրվա վճռով դատապարտվեց 12 տարվա ազատազրկման, դատաքննության ընթացքում խոստովանել էր, որ հարվածել է մահացած ռազմաբժիշկ Վահե Ավետյանի ընկերոջը՝ տուժող Արտակ Բայադյանին: Նա նաև ժամանակին եղել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնապահը: