Հիշեցնենք, որ Ալիևը երեկ ռազմատենչ հայտարարությամբ էր հանդես եկել և սպառնացել ոչնչացել հայկական պետությունը քարտեզի վրայից` ասելով, որ իրենք թույլ չեն տա «ադրբեջանական տարածքի վրա ստեղծել երկրորդ հորինված հայկական պետություն», դեռ մի բան էլ հոխորտացել, թե հայկական առաջին պետությունը ևս ստեղծվել է իրենց տարածքի, «հին ադրբեջանական» հողերի վրա:
ՀՀ պաշտպանության նախարարը Ալիևի սպառնալիքը համարում է հերթականն այս շարքում. «Նախ և առաջ այդպիսի հայտարարություններ շատ են եղել, որ այստեղ կհասնենք, այնտեղ թեյ կխմենք, մեկ ուրիշ բան կանենք: Բայց ճշմարտությունն այն է, որ գոյություն ունի ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն, և ազատ, անկախ Արցախ՝ ժողովրդավարորեն ավելի արագ զարգացող մի պետություն՝ դե ֆակտո կայացած: Ժողովուրդն այսօր այնտեղ ապրում է, արարում է, սովորում և կրթվում է, իսկ զինվորը կանգնած հաստատակամորեն պաշտպանում է իր հայրենիքը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սեյրան Օհանյանը՝ Հայաստանի ԼՂՀ ներկայացուցչությունում տեղի ունեցած «Եթե ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր նաև պատերազմի» թեմայով շարադրությունների մրցույթի պարգևատրման արարողությունից հետո:
Սեյրան Օհանյանը շեշտել է նաև, որ խաղաղությունը պահպանելու համար շատ կարևոր է գործ ունենալ այնպիսի հարևանի հետ, որը նույնպես կարևորում է երկարատև խաղաղությունը և կառուցողական մոտեցում է ցուցաբերում ինչպես բանակցային գործընթացին, այնպես էլ մեր հարաբերություններին: Հրադադարի պայմանավորվածությունը, Սեյրան Օհանյանի խոսքով, հայկական կողմը մեծամասնությամբ կարողանում է պահպանել, միաժամանակ մեր զինուժը վերահսկում է իրավիճակը սահմանին, և հակառակորդի դիվերսիոն գործողություններն ստանում են համարժեք պատասխան:
Անդրադառնալով վերջին օրերին հաճախակի դարձած ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից դիվերսիոն հարձակումների դեպքերին, որոնց ժամանակ երկու կողմից էլ զոհեր են եղել, նախարարն ասաց, որ լարվածությունը սահմանին դեռևս պահպանվում է. «Կրակոցների թիվը ավելացել է, Պաշտպանության բանակի ԼՂՀ բանակի շփման գծում, բայց իրավիճակը վերահսկելի է: Ես ուզում եմ տեղեկացնել, որ իրավիճակը միշտ է վերահսկելի եղել: Հակառակորդը դիվերսիոն գործողություններ է իրականացնում, բայց այն, որ պատերազամից հետո այսօր արդեն մեր և՛ զինվորները, և՛ սպաները ավելի փորձառու են, փոխադարձ աջակցության և համագործակցության շնորհիվ կարողանում են ետ մղել դիվերսիոն խմբերին, նշանակում է՝ մենք պատրաստ ենք: Ցավոք, լինում են նաև զոհեր. մենք խոնարհվում ենք բոլոր-բոլոր զինծառայողների՝ զինվորների և սպաների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը տվել են մեր հայրենիքին: Բայց սա է մեր այսօրվա իրավիճակը: Արցախյան գոյապայքարի ժամանակ ևս մեր ընկերներից շատ-շատերը և’ զոհվել, և’ վիրավորվել են, այդ պայքարը շարունակվում է նաև այսօր»,- նշեց Ս. Օհանյանը:
Հայաստանում ՌԴ դեսպանը նախօրեին հայտարարել էր, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելու գործարքը քաղաքական ենթատեքստ չունի, այն զուտ կոմերցիոն է: Սեյրան Օհանյանը ևս այստեղ քաղաքականություն չի՞ տեսնում՝ հարց ուղղեց լրագրողը: «Յուրաքանչյուր պետություն իր հնարավորության և իր կողմից իրականացվող քաղաքականության շրջանակում իրավունք ունի այդ կարգի գործարք կնքելու»,- նշեց պաշտպանության նախարարը` ավելացնելով, թե այդ գործարքով շատ մտահոգվելու անհրաժեշտություն ինքը չի տեսնում, թեպետ ռուսական կողմի հետ հանդիպումներում հայկական կողմից այդ կարգի հարցերը բարձրացվում են:
«Մենք այդ առումով այդքան էլ ետ չենք մնում, և եթե այս տարիների ընթացքում կարողացել ենք առանց երրորդ կողմի մասնակցության՝ ո’չ խաղաղություն, ո’չ պատերազմ պայմաններում ուժերի հավասարակշռություն ապահովել, ընդ որում ոչ քանակական, այլ ավելի շատ որակական առավելության հաշվին, նշանակում է, որ մեր զինուժն այսօր տարածաշրջանում մրցունակ է: Եվ բոլոր այդ կարգի գործարքները նաև մեր վերահսկողության ներքո են գտնվում»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը:
Անհեթեթություն. Սեյրան Օհանյանի պատասխանը Ալիևին…
Comments are closed.