Դերասանուհի Անժելա Սարգսյանի լուսանկարները տարածելու մեջ մեղադրվող` Արմավիր քաղաքի 28-ամյա բնակիչ Սեւակ Հ.-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր` սեպտեմբերի 23–ին, մեղավոր ճանաչվեց` տուգանելով 200 000 ՀՀ դրամի չափով տուգանքի: Սեւակ Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը անփոփոխ կմնա մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Նշենք, որ Սեւակ Հ.-ն զղջացել էր իր կատարած հանցանքի համար, իրեն մեղավոր ճանաչել՝ խնդրելով դատարանից մեղմ պատիժ նշանակել իր նկատմամբ։

Սեւակ Հ.-ն ամուսնացած է, նրա խնամքին են մանկահասակ երեխան և ծնողները, նախկինում դատված չի եղել, մենատնտես է, զբաղվում է հողագործությամբ

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սեւակ Հ.-ն հունիսի 19-ին իրեն պատկանող www.hylike.ru կայքում` «18+» անվանումով բաժնում, տեղադրել է «Անժելա Սարգսյանի այն այլասերված լուսանկարները, որը դեռ չեք տեսել /18++/» վերտառությամբ հոդված, որում ներառել է դերասանուհի Անժելա Սարգսյանի 4 պոռնկագրական բնույթի լուսանկարներ:

Սեւակ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ Անժելա Սարգսյանի լուսանկարները տարիներ առաջ հրապարակել էր դերասանուհու սիրեկանը: Վերջինս դատապարտվել էր 3 տարի 6 ամսվա ազատազրկման, եւ արդեն ազատության մեջ է։

news.am