Վանաձոր-Ստեփանավան 1-ին կիլոմետրին մարտի 9-ի լույս գիշերը ժամը 2։00-ի սահմաններում փաստաթղթային ստուգման ընթացքում հարձակման է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության ավագ լեյտենանտ Արկադի Քոչարյանը։ Լոռու մարզում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ճանապարհային ոստիկանին տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց, որտեղ նրա ձախ աչքի վերեւի հատվածում երեք կար են դրել։
Ոստիկանին հարվածած անձինք, որոնք եղել են Mersedes ML 45 SF 045 պետհամարանիշով մեքենայով, մեքենան թողել են դեպքի վայրում եւ փախուստի են դիմել։
Վանաձորի ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը ճանապարհային ոստիկաների հետ միասին մեքենան հայտնաբերել են դեպքի վայրից 3-4 կմ հեռավորության վրա եւ այն տեղափոխել տուգանային հրապարակ։ Վանաձորի ոստիկանության բաժնից NEWS.am-ին ասացին, որ ժամեր անց բերման են ենթարկվել նաեւ մեքենայի ուղեւորները։ Ճշտվել է, որ մեքենան պատկանում է Գեւորգ Չաբուխյանին, վարորդն էլ Գոռ Փելեշյանն է, մեքենայում եղել են 5 հոգով։
Ոստիկանությունից NEWS.am-ին ասացին, որ նախնական վարկածով մեքենայի ուղեւորները գիշերը եղել են Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող գիշերային ակումբում, գիշերվա ընթացքում մի քանի անգամ Վանաձոր են գնացել եւ հետ վերադարձել։
Ճանապարհային ոստիկանը,երբ կանգնեցրել է նրանց մեքենան, պարզել է, որ ուղեւորները հարբած են։
Ուղեւորներից մեկը դիմել է ճանապարհային ոստիկանին, ասելով. «Սիգարետ ունես , մի հատ սիգարետ տուր»։ Այնուհետեւ նրանք շարունակել են հեգնական տոնով խոսել ոստիկանի հետ եւ ասել. «Արա, ուզո՞ւմ ես, մի քիչ փող տանք ծախսես, ստեղից գնա։ Ինչի՞ ես գիշերը կանգնել ստեղ»։
Լեզվակռիվը հարբած ուղեւորների եւ ոստիկանի միջեւ շարունակվել է, ուղեւորները դուրս են եկել մեքենայից, հարվածել ոստիկանի դեմքին եւ փախուստի դիմել։
Կատարվում է նախաքննություն։