Հանկարծահաս հիվանդագին վիճակները զարգանում են անսպասելի, ուստի և հաճախ դժվար է լինում հասկանալ դրանց պատճառը և ճիշտ կոդմնորոշվել: Երեխաների մոտ հաճախ հանդիպող հանկարծահաս հիվանդագին վիճակներից են ցնցումային նոպան և սուր որովայնը: Այդպիսի դեպքերում պետք չէ խուճապի մատնվել, անհրաժեշտ է սառնասրտություն հանդես բերել, գործել հանգիստ և գնահատելով իրավիճակը` ըստ անհրաժեշտության` ահազանգել շտապ օգնություն կամ դիմել բժշկի: Ամեն դեպքում հիշեք, որ դուք չեք կարող փոխարինել մասնագիտական բժշկական օգնությանը:
Ցնցումային նոպաներ
Վնասվածքների, տարբեր հիվանդությունների, տենդի, վարակի, թույների ազդեցության հետևանքով երեխաները կարող են ցնցումային նոպաներ ունենալ: Դրանք ավելի հաճախ զարգանում են մարմնի ջերմաստիճանի բարձրացման հետևանքով:
Նոպայի ժամանակ ցուցաբերվող առաջին օգնությունը մեծ դժվարություն չի ներկայացնում, թեև ծնողները սովորաբար ահաբեկվում են` երեխային անսպասելիորեն այդ վիճակում տեսնելով: Պետք չէ մեղադրել երեխային: Հիշեք, որ ո՛չ երեխան, ո՛չ դուք չեք կարող կառավարել նոպան:
Ինչ անել
– Մի՛ փորձեք դադարեցնել նոպան: Մի՛ բռնեք երեխային, քանի որ այդ անօգուտ քայլը կարող է միայն լրացուցիչ վնասվածքների պատճառ դառնալ:
– Հեռացրեք մոտակա առարկաները: Պաշտպանեք երեխայի գլուխը` նրա տակ դնելով բարակ բարձ կամ ծալած հագուստ:
– Մի՛ փորձեք ինչոր բան տեղադրել ծնոտների միջև:
– Նոպայից հետո երեխան սովորաբար քնկոտ և ապակողմնորոշված է լինում: Ցնցումների ավարտից հետո պառկեցրեք նրան կողքի վրա, որպեսզի բերանի խոռոչում կուտակված հեղուկները` թուքը, արյունը, փսխման զանգվածները, կարողանան արտահոսել:
– Հանգստացրեք երեխային: Մնացեք նրա կողքին, մինչև գիտակցությունը լրիվ վերականգնվի:
– Ահազանգեք շտապ օգնություն:
Տենդային ցնցումներ
Եթե ցնցումների պատճառը երեխայի բարձր ջերմությունն է, բացի վերը նշված քայլերից անհրաժեշտ է ձեռնարկել նաև միջոցներ` մարմնի ջերմությունը իջեցնելու ուղղությամբ, սակայն պետք է խուսափել երեխային գերսառեցնելուց:
– Թեթևացրեք երեխայի հագուստը, ապահովեք մաքուր օդի անհրաժեշտ քանակություն:
– Երեխային շփեք գոլ ջրով թրջված սպունգով` շարժվելով գլխից դեպի ոտքեր:
– Տվեք երեխային ջերմիջեցնող դեղամիջոց (պարացետամոլի հաբեր, մոմիկներ կամ օշարակներ):
Ուշադրություն
Փոքր երեխա ունեցողները տանը պետք է անպայման ունենան պարացետամոլ պարունակող դեղամիջոցներ: Երեխայի ջերմությունը կարող է բարձրանալ հանկարծակի, և դուք ժամանակ չեք ունենա գնալ դեղատուն:
– Տենդային ցնցումների դեպքում անպայման ահազանգեք շտապ օգնություն, քանի որ երեխան անհապաղ բժշկական օգնության կարիք ունի:
Ուշադրություն, եթե երեխայի մոտ տենդային ցնցումներ են, ապա.
Մի` ուշացրեք ահազանգը` թերագնահատելով իրավիճակը: Մի մտածեք, որ կարող եք օգնել երեխային՝ սահմանափակվելով տնային պայմաններում ինքնուրույն բուժմամբ: Տենդային ցնցումները կատղ են հետագայում էպիլեպսիայի պատճառ դառնալ:
Ինչ չի կարելի անել
– Մի՛ սուզեք երեխային սառը ջրի մեջ: Դա կարող է կյանքի համար վտանգավոր լինել:
– Մի՛ ծածկեք երեխային հաստ ծածկոցով կամ վերմակով, դրանք չեն թողնում, որ օրգանիզմը հովանա, և արդյունքում երեխայի վիճակը ավելի կբարդանա:
Սուր որովայն
Որովայնի խոռոչի օրգանների վնասվածքների կամ բորբոքման հետևանքով երեխան կարող է ունենալ սուր ցավեր որովայնի շրջանում:
Ինչի վրա ուշադրություն դարձնել
Սուր որովայնի ախտանշաններն են.
– որովայնի սուր, նոպայաձև բնույթի ցավեր, որոնք գնալով ուժեղանում են,
– սրտխառնոց, փսխում,
– աղիների նորմալ գործունեության խանգարում, փորկապություն կամ լուծ,
– փքված կամ տախտակի ամրության լարված որովայն,
– մարմնի ջերմաստիճանի բարձրացում` 37-38 C,
– գունատ, սառը, խոնավ մաշկ:
Ինչ անել
– Հանգստացրեք երեխային:
– Օգնեք երեխային հարմար դիրք ընդունել, պառկեցրեք նրան կողքի` ոտքերը ծալած դիրքում:
– Ահազանգեք շտապ օգնություն: Այս վիճակը շատ վտանգավոր է, և զգացվում է անհետաձգելի վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն:
Ինչ չի կարելի անել
– Մի տվեք երեխային ոչ մի տեսակի սնունդ կամ հեղուկ:
– Մի տվեք երեխային դեղորայք, հատկապես՝ ցավազրկողներ:
– Մի փորձեք տաքացնել որովայնը, օրինակ՝ տաք ջեռակի կամ լոգանքի միջոցով:
Երբ է անհրաժեշտ դիմել բժշկի
Բացի նշված հիվանդագին վիճակներից` երեխայի վատառողջ լինելու պատճառ կարող են լինել բազմաթիվ այլ հիվանդություններ, և հաճախ դժվար է լինում ճիշտ կողմնորոշվել նման իրավիճակներում: Առաջին հերթին խուճապի մի մատնվեք և հիշեք, որ դուք չեք կարող փոխարինել մասնագիտական բժշկական օգնությանը:
Դիմեք բժշկի կամ ահազանգեք շտապ օգնություն, եթե առկա են հետևյալ ախտանիշները.
– 38 C-ից բարձր կամ 35 C-ից ցածր ջերմություն,
– ցավեր, հատկապես՝ գլխացավ կամ որովայնի ցավեր,
– ցնցումներ,
– կրկնվող փսխումներ և լուծ,
– ցան,
– դժվարացած շնչառություն:
Դեղեր
– Առանց բժշկի խորհրդի` երեխային դեղեր մի՛ տվեք:
– Հստակ իմացեք, թե ինչքան, ինչ հաճախությամբ և որ ժամերին է պետք տալ դեղը, և հետևեք բժշկի նշանակումներին:
– Անպայման հայտնեք բժշկին, եթե նկատում եք, որ դեղը կողմնակի ազդեցություն է ունենում (գլխացավեր, ցան, սրտխառնոց և այլն):
– Բուժումն անավարտ մի՛ թողեք, եթե նույնիսկ երեխան արդեն լավ է զգում: