Այս անգամ NEWS.am-ը ներկայացնում է 1924-ին տեղի ունեցած մի առեղծվածային դեպքի մասին, որի մասին պնդումներն ուղղակի սարսափեցնում են մարդու։ Խոսքը Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ենթարկված հայերի եւ հույների դիակների վաճառքի մասին է։
1924 թվականի դեկտեմբերի 13-ին, Թուրքիայի Մուդանիայի նավահանգստից դեպի Մարսել է ճանապարհվել «Զան» անունը կրող անգլիական բեռնանավ։ Որեւէ փաստաթղթեր չեն լրացվել, թե ինչ բեռ է գտնվում նավում։ Սակայն նավահանգստի աշխատակիցները նկատել էին, որ մոտ 400 տոննա կշռող բեռը մարդկային դիակներ են։ Ոստիկանությունը փորձել է միջամտել, սակայն «վերեւից» եկած հրահանգի շնորհիվ նավը ազատ դուրս է եկել բաց ծով։
Թամեր Չիլինգիրն իր «Քեմալիստներն ինչպես 50 հազար դիակ վաճառեցին ֆրանսիացիներին» հրապարակման մեջ հիշեցրել է, որ 1924-ի դեկտեմբերին, Սալոնիկում հրատարակվող «Մակեդոնիա» պարբերականը եւս անդրադարձել է այս թեմային՝ «Տխուր բեռ» վերնագրով։
Այս թեմային է անդրադարձել 1924-ի դեկտեմբերի 23-ի համարում New York Times-ը, գրելով, որ անգլիական նավով Մուդանիայի նավահանգստից 400 տոննա մարդկային դիակներ են տեղափոխում Մարսել՝ նշելով, թե ամենայն հավանականությամբ դրանք սպանված հույների դիակներն են։ Կան այլ կարծքիներ, որ նավի բեռը կազմված են եւ հայերի, եւ հույների դիակներից։
Նույն լուրի մասին գրել է նաեւ ֆրանսիական «Միդի» պարբերականը՝ եւս նշելով, որ նավում գտնվել են Թուրքիայում կոտորված հայերի դիակները։
Հույն պատմաբան Վլասիս Ագձիդիսն ուսումնասիրել է այս թեման՝ առանձնացնելով այս սարսափելի փաստերն ապացուցող աղբյուրները՝ Eleftherotypia, New York Times եւ Midi պարբերականները, Էրվե Ժորժելի «Զմյուռնիայի ավերման հետ կապված ֆրանսիական արխիվների անհամապատասխանությունը» վերնագրով աշխատությունը եւ Էլիաս Վենեզի անունով մի ականատեսի վկայությունները «31328. ստրկության գիրք» վերնագիրը կրող գրքում։ «Փոքր Ասիայում աղետի հետ կապված սարսափելի պատմություն՝ վաճառքի կմախքներ»,-գրել է Վլասիս Ագձիդիսն ու հավելել՝ «կարո՞ղ են զոհերի մնացորդները սպանողների համար հարստության աղբյուր հանդիսանալ»։
«Զոհերի դիակներից օճառ ստանալու մի խոսակցություն կար Առաջին համաշխարհայինից սկսած։ Բացի այդ, նմանատիպ տարածված պատմություններ կային նաեւ նացիստների կողմից սպանված հրեաների հետ կապված։ Այսքանից հետո այդ ամենի մասին սկսում ես վերաբերվել ոչ թե որպես խոսակցության, այլ որպես իրականության»,-գրել է պատմաբան Վլասիս Ագձիդիսը։
Արթուր Հակոբյան
Արգելված թեմաների նախորդ հրապարակումները կարող եք կարդալ.
news.am