Այսօր՝ կեսգիշերին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Օրբելի փողոցում կանգնեցրել են Toyota Camry մակնիշի 006 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը՝ Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 35-ամյա Շահեն Դուրգարյանը, ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, ինչն ապացուցվել է նրան բժշկական փորձաքննության ենթարկելուց հետո, իսկ ավտոմեքենայի վրա էլ տեղադրված է եղել գերձայնային ազդանշան (դռռիկներ): «Կարմիր բերետներն» այդ մասին հայտնել են Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից Օրբելի փողոց է ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչ Արսեն Հակոբյանը, ով էլ Toyotaն տեղափոխել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Առողջապահության նախարարության հաշվեկշռում և այն որպես ծառայողական ավտոմեքենա սպասարկում է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Ի դեպ, երբ անցյալ տարի SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ ներկայացրեց Շ. Դուրգարյանի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մասին, վերջինս ծանր էր տարել այն ու հայտնել էր, թե SHAMSHYAN.com-ն արատավորում է իր բարի համբավն ու անունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վերջինիս խմածության աստիճանն այնքան բարձր է եղել, որ նա վարչական պատասխանատվության է ենթարկվելու մոտ 200 հազար դրամի չափով:

shamshyan.com