Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոսկու շուկայի հարևանությամբ գտնվող Մովսես Խորենացի փողոցի թիվ 25 շենքի տանիք են բարձրացել ամուսիններ Եղիշե Գևորգյանը և Ռուզաննա Մարդանյանը, ովքեր սպառնում են ինքնասպանության դիմել՝ ցած նետվելով 11 հարկանի շենքից: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող թիվ 18 ջոկատը և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Տեղում է նաև շտապ օգնության 1-03 բրիգադը: Ժամանել է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ Կենտրոնի ոստիկանապետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու փրկարարներն այս պահին բանակցությունների միջոցով ամուսիններին հորդորում են չդիմել այդ ծայրահեղ քայլին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ամուսիններն ամիսներ առաջ մամուլի ուշադրության կենտրոնում էին հայտնվել, երբ 2010 թվականին իրենց 3 անչափահաս՝ 7,6 և 3 տարեկան երեխաների հետ կամովին հատել էին հայ-ադրբեջանական սահմանը և հայտնվել Նախիջևանի տարածքում, իսկ Հայաստան նրանց ընտանիքը վերադարձել էր 2014 թվականի դեկտեմբերի 12-ին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ: *** 16:40 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Կենտրոնի ոստիկանապետ Ա. Պողոսյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը և Երևանի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը 1,5 ժամ տևած բանակցությունների արդյունքում կարողացան համոզել ծալապակասներին, որպեսզի նրանք չդիմեն այդ քայլին, իսկ նրանց պահանջն այն էր, որ Կենտրոնի կանաչապատման աշխատակիցներն իր տան մոտ եղած վարդերն արմատախիլ անեն, քանի որ այդ տարածքն իր պապական տարածքն է եղել և իրենց ձեռք չի տալիս, որպեսզի այդտեղ լինի ծառ ու ծաղիկ և այնտեղ պետք է կանգնեցվի իր ավտոմեքենան: Այս պահին նա հետ է կանգնել իր քայլից:

shamshyan.com