Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Արտյոմ Ղազարյանի գործի դատական քննությունը:

Գործը մեկ անգամ արդեն քննվել էր այդ դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ, կայացվել էր դատավճիռ, բայց վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր այդ դատավճիռը ու գործն ուղարկել էր նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Գործն այս անգամ քննվել է Հարություն Մովսեսյանի նախագահությամբ:

Առաջին՝ բեկանված դատավճռով 37-ամյա Արտյոմ Ղազարյանը մեղավոր էր ճանաչվել իր փաստական կնոջը՝ Ցողիկին խեղդամահ անելու, դիտավորյալ սպանելու համար և դատապարտվել էր 10 տարի ազատազրկման:

Ռուսաստանում արտագնա աշխատանք կատարող Արտյոմ Ղազարյանը 2009 թվականից փաստական ամուսնական կյանք է վարել ՌԴ քաղաքացի, 1986 թվականին ծնված հայազգի Ցողիկի հետ:

2012 թվականի փետրվարի 12-ին Արտյոմ Ղազարյանն արտաքսվել է Ռուսաստանից՝ բնակության և հաշվառման կանոնները խախտելու համար ու վերադարձել է Արթիկ:

Երկու ամիս անց Արթիկ է ժամանել Արտյոմի փաստական կին Ցողիկը՝ 2010 և 2011 թվականներին ծնված իրենց մանկահասակ երեխաների հետ:
2012 թվականի դեկտեմբերի սկզբին առանց ամուսնու համաձայնության Ցողիկը երեխաներին թողել ու միայնակ մեկնել է Անապա՝ արտագնա աշխատանքի:
Վերադարձել է 2013 թվականի հունվարի 22-ին:

Արտյոմն ու Ցողիկը երեխաների հետ Արթիկում բնակվել են վարձակալությամբ:

Ցողիկը հաճախ երեխաներին թողել է սկեսուրի խնամքին, ինքը տարբեր տաքսիներով երթևեկել, ոգելից խմիչք է օգտագործել, տղամարդկանց հետ հեռախոսային խոսակցություններ է ունեցել, շփվել է համացանցով:

Արտյոմը կասկածել է կնոջը, հետևել է նրան:

Նա վիճաբանել է Ցողիկի հետ, պահանջել, որ չխոսի տղամարդկանց հետ, չհեռանա տնից, երեխաներին խնամի:

Ցողիկը պատասխանել է. «Էտո նե տվայո սաբաչյե դելո, ուր ուզեմ՝ կգնամ, ում հետ ուզեմ՝ կխոսամ»:

Արտյոմը վիրավորվել է ու փորձել է ցած նետվել պատշգամբից, ինքնասպան լինել, բայց Ցողիկը բռնել է, չի թողել: Արտյոմը զայրույթից կոտրել է պատուհանի ապակին: Մայրը վիրակապել է որդու ձեռքը:

Մայիսին Ցողիկն ավելի հաճախակի է բացակայել տնից, երթևեկել է ինչ-որ արծաթագույն «Մերսեդեսով»:

2013 թվականի մայիսի 31-ին Ցողիկը նորից երեխաներին թողել, ինչ-որ տեղ է գնացել:

Ուշ երեկոյան նա Արտյոմի ընկերոջ տուն է գնացել խմած, ձեռքին՝ մի շիշ գարեջուր և ձուկ:

Ժամը 23-ին ամուսիններն իրենց տուն են գնացել, նստել են խոհանոցի սեղանի մոտ, ծխել են, մոտ մեկ ժամ զրուցել: Արտյոմը Ցողիկին մեղադրել է դավաճանության համար, իսկ Ցողիկը ծիծաղել է ամուսնու վրա, հեգնել է նրան: Եվ Արտյոմի համբերության բաժակը լցվել է:

Նա ոտքի է կանգնել, մոտեցել Ցողիկին: Վերջինս սեղանի վրայից վերցրել է դանակը, նստած տեղից ասել է՝ չմոտենաս, կխփեմ:

Արտյոմը աջ արմնկային մասով բռնել է կնոջ պարանոցից: Ուժեղ սեղմելու համար ձախ ձեռքով էլ բռնել է իր աջ ձեռքը: Ցողիկը դիմադրել է, ամուսինները կորցրել են հավասարակշռությունը:

Ցողիկն աթոռից ընկել է գետնին, Արտյոմն էլ է ընկել՝ շարունակելով սեղմել կնոջ պարանոցը: Ընկել են հատակին՝ կողք կողքի:

Ընկնելիս Ցողիկը դանակով հարվածել է Արտյոմին: Բայց վերջինս չի էլ զգացել, որ վնասվածքներ է ստացել ոտքի ու որովայնի հատվածներում: Նա շարունակել է սեղմել Ցողիկի պարանոցը…

Ցողիկն սկսել է թպրտալ, շարժել է ոտքերն ու ձեռքերը: Մոտ 10-15 րոպե է տևել՝ ըստ Արտյոմի…

Երբ Ցողիկն անշարժացել է, Արտյոմը թողել է նրա պարանոցը, տեսել է, որ չի շնչում: Վախեցել է, սկսել է արհեստական շնչառություն տալ, ապա տեսնելով, որ չի կարողանում կենդանացնել, գնացել է հարևանի տուն ու ասել. «Ցողիկը մեռավ»:

Հարևանը հանկարծակիի է եկել ու հարցրել. «Ցողիկն ո՞վ է»:

Արտյոմը կրկնել է. «Կնիկս մեռավ»:

Շտապօգնությունը արձանագրել է, որ Ցողիկը մահացել է: Կինն անբնական դիրքով ընկած էր եղել խոհանոցի հատակին…

Նախաքննության ժամանակ ու դատարանում որպես վկա հարցաքննված տղամարդիկ ասել են, որ Ցողիկը Արտյոմի մասին ասել է, թե նա «բիվշի» մարդն է, «կազյոլ» է, «հայվան»:

Ցողիկը «Օդնոկլասնիկի» կայքում գրանցված է եղել ու տղամարդկանց հետ ծանոթացել է «Ստերվա» անունով:

Մինչ մայրիկն ազատ կյանք է վարել, երկու մանկահասակ երեխաները գտնվել են տատիկի խնամքին…

Ցողիկի մահից հետո նրա հարազատները երեխաներին տարել են Ռուսաստան…

Ըստ Արտյոմի մոր՝ երեքամյա թոռնուհուն վիրահատություն է անհրաժեշտ, նա դեռ չի քայլում, ոտքի նյարդի հետ կապված խնդիրներ կան:

Չորսամյա թոռը «մայրիկ» է ասում մորաքրոջը, ում տանը հիմա ապրում են երեխաները, իսկ հորն ասում է՝ Արծյոմ, ու հեռախոսով հետը խոսելիս հարցնում է, թե ինչո՞ւ հայրն իրենց մոտ չի գնում…

Արտյոմը չի հասցրել հայրություն ճանաչել, երեխաների մայրը որպես միայնակ մայր է գրանցված եղել:

Ամբաստանյալ Արտյոմը դատարանի հարցին պատասխանել է, թե համոզված է, որ դրանք իր երեխաներն են:

Երեխաների խնամքով զբաղված տատիկը՝ Արտյոմի մայրը նույնպես պնդել է, թե երեխաները Արտյոմին շատ նման են, ոչ մի կասկած լինել չի կարող, հիմա իրենք զբաղվում են հայրության ճանաչման հարցով…

Ընդհանուր իրավասության դատարանը Արտյոմ Ղազարյանին մեղավոր էր ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել էր 10 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի հունիսի 1-ից:

Այս դատավճիռը բողոքարկել էր ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ խնդրելով վերաորակել արարքը կամ մեղմացնել Արտյոմի պատիժը:

Պաշտպանը միջնորդել էր ամբաստանյալի արարքը վերաորակել ոչ թե որպես հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն, այլ ինքնապաշտպանության նպատակով կատարված անզգույշ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածով:

Վերաքննիչ դատարանն իրավունք չուներ դուրս գալու վերաքննիչ բողոքի սահմաններից, բայց պաշտպանի բողոքում մատնանշված որակումը, գործի հանգամանքներից ելնելով, Արտյոմ Ղազարյանի արարքի իրական քրեաիրավական որակումը դժվար էր համարել:

Վերաքննիչ դատարանը այս գործը քննել է վերաքննության կարգով: Ուշադրության կենտրոնում էր դատահոգեբանակա՛ն փորձաքննության եզրակացությունը, որտեղ մասնագետը նկարագրել էր դավաճանված Արտյոմի հոգեվիճակը հանցագործության պահին. լարվածություն, սթրեսային վիճակ, տևական ժամանակ հոգեճնշված վիճակում գտնվել, կնոջ դավաճանության հաստատում, բացասական հույզերի կուտակում, շփոթահարություն և այլն:

Վերաքննիչ դատարան էր հրավիրվել դատական հոգեբան Էլդա Գրինը, ով իր ցուցմունքով հաստատել էր, որ սպանության պահին Արտյոմ Ղազարյանը եղե՛լ է կումուլյատիվ աֆեկտի ՝ ժամանակի ընթացքում կուտակված բացասական հույզերի պոռթկման վիճակում:

Փորձագետի հարցաքննությունից հետո այս գործով վերաքննիչ քրեական դատարանը նշանակել էր դատահոգեբանական լրացուցիչ փորձաքննություն:

Ըստ այդ փորձաքննության եզրակացության՝ դավաճանող կնոջը խեղդամահ անելու պահին Արտյոմ Ղազարյանը եղել է հենց կումուլյատիվ ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

Այս եզրակացությունը կարելի էր գործով նոր ի հայտ եկած հանգամանք համարել:

Վերաքննիչ դատարանը բեկանել է ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, գործն ուղարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Վերաքննիչ դատարանի հարցին, թե ինչո՞ւ չէր բաժանվում իրեն դավաճանող կնոջից, ինչո՞ւ էր հանդուրժում կնոջ վատ վերաբերմունքն ու անբարո վարքագիծը, Արտյոմը պատասխանել է, թե… ամոթ էր, չէր ուզում, որ խայտառակ լինի մարդկանց մեջ, երեխաներն էլ մեծանում էին…

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նոր դատաքննություն կատարվեց:

Վկա Ս.-ն իր ցուցմունքում ասել է, թե Արտյոմն իր ամուսնու ընկերն է: 2012 թվականին ծանոթացել են Արտյոմի կնոջ՝ Ցողիկի հետ, ընտանիքներով շփվել են:
2013 թվականի մարտ ամսից Արտյոմն ու Ցողիկը հաճախ են իրենց տանը եղել, որովհետև նրանց տան լույսը պարտքերի պատճառով անջատված էր: Արտյոմը շատ խելոք, համբերատար, հոգատար էր կնոջ ու երեխաների նկատմամբ:

Ցողիկը բնավորությամբ ազատամիտ էր, «վուլգար», ըստ վկայի՝ նա արհամարհում էր Արտյոմին, երեխաներին ուշադրություն չէր դարձնում, երեխաներին խնամում էր Արտյոմի մայրը:

Ցողիկը հաճախ առանց ամուսնուն տեղյակ պահելու տնից հեռանում էր, ուշ էր վերադառնում, հեռախոսով գաղտնի խոսում էր:

Մայիսի 31-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում Արտյոմը մենակ եկել է իրենց տուն: Ինքը այգում սեղան է գցել, ամուսինն ու Արտյոմը հաց են կերել: Արտյոմը զանգել է Ցողիկին, հարցրել է, թե երբ է գալու:

Ժամը 22-ի սահմաններում Ցողիկն իրենց տուն է մտել: Ինքը նրա պահվածքից զգացել է, որ խմած է: Նա իրեն ասել է. «Լավ տժժացել եմ, պախմելի տակ եմ»:
Արտյոմը հարցրել է, թե նա որտեղ է եղել, Ցողիկը պատասխանել է. «Մի Արթիկ, մի Ցողիկ»: Նա իրեն գաղտնի ասել է, թե Գյումրիում է եղել:

Արտյոմն ու Ցողիկը տուն են գնացել Ցողիկի կանչած տաքսիով…

Հետո իրենք իմացել են, որ տանը Արտյոմը խեղդել է Ցողիկին…

Կրկնակի դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ կնոջը խեղդամահ անելու պահին Արտյոմ Ղազարյանը եղել է կումուլյատիվ աֆեկտի վիճակում:

Ընդհանուր իրավասության դատարանը Արտյոմ Ղազարյանին մեղավոր է ճանաչել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 3 տարի ազատազրկման:

Կիրառվել է համաներում, և Արտյոմ Ղազարյանն ազատվել է պատժի կրումից: Նա կալանքից անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

1in.am