Արցախում 22-ամյա զինծառայող Գառնիկ Թորոսյանը մահացել է դիպուկահարի կրակոցից: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ դեպքի առթիվ քրեական գործ կհարուցվի Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 13-րդ կետերի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է սպանությունը`շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով: Մեր աղբյուրները նաեւ հայտնեցին, որ դեպքը եղել է Մարտունիում, իսկ զինծառայողը տեղում մահացել է: Նա, ի դեպ, զորակոչվել էր 2012թ գարնանը, ինչը նշանակում է, որ մի քանի ամսից պետք է զորացրվեր:
NEWS.am-ի թղթակցին հաջողվեց պարզել նաեւ, որ մահացած զինծառայողը Շիրակի մարզի Նահապետավան գյուղից է: Գյուղապետ Գոռ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ ծնողներին չեն հայտնել դեպքի մասին, ասել են, թե որդին հրազենային վիրավորում ունի ոտքից, հիվանդանոցում է, պետք է վիրահատեն, այսօր նրանց կասեն ողջ ճշմարտությունը:
Նահապետավանի գյուղապետն ասաց, որ մահացողը դպրոցահասակ եղբայր եւ քույր ունի, ով ամուսնացած է: Ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում, զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով: Գոռ Պետրոսյանը ասաց, որ Գառնիկ Թորոսյանը մեկուսացված, չշփվող, խելոք, համեստ երեխա էր: Դպրոցն ավարտելուց հետո անմիջապես չի զորակոչվել, առողջական խնդիրներ ուներ, որոշ ժամանակ բուժվել է, այնուհետեւ գնացել ծառայության:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 24-ին, ժամը 09:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Գ. Թորոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: