Գերմանական Մագդեբուրգում կայացած 12 ռաունդանոց չեմպիոնական մենամարտում Աբրահամը միավորներով դժվարին հաղթանակ տարավ գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ` 112:113, 115:110, 114:111:

Մեկնարկային ռաունդներում մարզապալատի աջակցության ներքո հանդես եկող Շտիգլիցն ավելի ակտիվ էր, բայց 34-ամյա Աբրահամը վատ չէր պաշտպանվում՝ դիմելով պատասխան գրոհների: Գրեթե բոլոր ռաունդները նման էին իրար: 32-ամյա գերմանացին շատ ակտիվ էր սկսում ռաունդը, իսկ Արթուրն ակտիվանում էր վերջնամասում: Ակտիվության շնորհիվ գերմանացին չնչին առավելություն էր ստացել միավորների հաշվարկում: Մենամարտի վերջնամասում Շտիգլիցի մոտ հոգնածություն էր նկատվում. նա դժվարությամբ էր մնում ոտքերի վրա, բայց Աբրահամը չէր կարողանում ինչպես հարկն է օգտվել դրանից: Այնուամենայնիվ, վերջին՝ 12-րդ ռաունդում գերմանացին հայտնվեց նոկդաունում: Մենամարտի ավարտին 25 վայրկյան էր մնում, սակայն Շտիգլիցը կարողացավ ոտքի կանգնել եւ դիմանալ մինչեւ ավարտը: Միեւնույն է գերմանացին չարդարացրեց բուքմեյքերների սպասելիքները. հաղթանակը շնորհվեց Արթուր Աբրահամին:

Սա Աբրահամի եւ Շտիգլիցի երրորդ հանդիպումն էր ռինգում: Առաջին մենամարտում հայ բռնցքամարտիկը հաղթել էր միավորներով՝ դառնալով աշխարհի չեմպիոն, իսկ ռեւանշ մենամարտում գերմանացին առավելության էր հասել տեխնիկական նոկաուտով՝ վերադարձնելով տիտղոսը:

Ռոբերտ Շտիգլիցը չորրորդ պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում, իսկ Արթուր Աբրահամը տարավ 39-րդ հաղթանակը (28 նոկաուտ):


նյութի աղբյուրը