Մեկ ամիս անց ադրբեջանական գերությունից ազատված Մամիկոն Խոջոյանին գերության մեջ խոշտանգել են։ Այս մասին մարտի 5-ին NEWS.am-ին ասաց Իջեւանի բժշկական կենտրոնի վնասվածքաբան, օրթոպեդ Էմիլ Բրուտյանը։ Նրա խոսքով, Մամիկոն Խոջոյանի վնասվածքները մեկ ամսվա վաղեմության են։
«Մամիկոն Խոջոյանը կոտրվածներ ունի աջ ձեռքի բազկոսկրի հատվածում, որը, հնարավոր է, հրազենային վնասված է, նաեւ ծղիկոսկրի ստորին երրորդական հատվածում։ Ակնհայտ է, որ բժշկական միջամտություն է եղել, որպեսզի չեւերա , որ հրազենային վնասվածք ունի»,- ասաց Էմիլ Բրուտյանը ։
Բժշկի խոսքով՝ քերծվածքներ կան Մամիկոն Խոջոյանի գլխի հատվածում ու սալջարդեր ձախ ազդրի շրջանում եւ մարմնի այլ մասերում, որոնք հարվածի հետեւանք են եւ կենցաղային վնասվածքներ չեն։ Վնասված են նրա ականջախեցիները, ինչը, բժշկի խոսքով, խոշտանգումների հետեւանք է։ Վերը նշված վնասվածքներից ոչ մեկը մինչեւ գերությունը Մամիկոն Խոջոյանը չի ունեցել։
Գերությունից ազատված Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակչի բազկի շրջանում կոտրվածքը վիրահատության կարիք ունի։ Նա այժմ գտնվում է Վերակենդանացման բաժնում, բժիշկների վերահսկողութան տակ է, ներկա պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Մամիկոն Խոջոյանը միայն իր դստերն է ճանաչում՝ Վարդազարյան Հեղինեին։ Վերջինը պատմել է, որ հայրը վախեցած է։
«Ասում է, որ աղ են լցրել գետնին, իրեն պառկեցրել վրան ու ծեծել, սրսկել են, հայրս ահավոր վիճակում է, չի կարողանում քայլել ինքնուրույն»,- ասաց Խոջոյանի դուստրը։
Բժշկի խոսքով՝ չի բացառվում, որ Մամիկոն Խոջոյանին կողմնակի նյութեր են ներարկել, սակայն դա դեռ հաստատված չէ, եւ հետազոտությունների արդյունքում պարզ կլինի։
«Մամիկոն Խոջոյանը եւս մեկ շաբաթ մնալու է բժշկական կենտրոնում, հետազոտվելու է, հնարավոր է՝ տեղափոխվի կենտրոնական հոսպիտալ»,- ասաց Էմիլ Բրուտյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել հունվարի 28-ին: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Մարտի 4-ին Ադրբեջանը նրան վերադարձրել է Հայաստանին:
news.am