Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Սարալանջի պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 54-ամյա Մարատ Օրդյանի վարած Nissan մակնիշի 15 OS 663 համարանիշի և Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Արման Երիցյանի վարած Toyota մակնիշի 10 UL 015 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ. Օրդյանը ճանապարհային ոստիկանների և փրկարարների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝1 մարտական հաշվարկով, և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախումից հետո Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Մ. Օրդյանը աշխատում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես ծրագրերի տնօրեն, և դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ նա ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ չի տվել, այլ մեքենան վարելու ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com