Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված։
– Եթե երբևիցե որևէ խնդրանք կամ սպասելիք եք ունենում, աղոթքով դիմո՞ւմ եք Աստծուն:
-Միշտ: Կարելի է ասել՝ այնպիսի օր չի լինում, որ աղոթքով Աստծուն չդիմեմ: Մտքերով հաճախ Աստծու հետ եմ:
-Կարո՞ղ եք հիշել մի դեպք, որ զգացել եք Աստծո ներկայությունը, օգնությունը:
-Նման դեպքեր շատ են եղել: Շատ ծանր պահերի, երբ դիմել եմ, Աստված օգնել է: Հիմնականում անձնական բնույթի դեպքեր են, չեմ ցանկանա մանրամասնել…
-Մկրտիչ, իսկ Ձեր կյանքում Հայ առաքելական եկեղեցին ի՞նչ դեր, կարևորություն, նշանակություն ունի:
-Տատիկներս հաճախ էին եկեղեցում լինում: Այդ դաստիարակությունը նրանցից եմ ժառանգել: Այնպես որ իմ կյանքում եկեղեցին, հավատքը կարևոր բաղադրիչներ են:
-Հիմա դուք Ձեր ընտանիքն ունեք՝ կին, երեխաներ: Հաճա՞խ եք այցելում եկեղեցի:
-Անձամբ ես հաճախ եմ լինում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ ընտանիքիս հետ պարբերաբար Սաղմոսավանք ենք այցելում, որը դարձել է մեզ համար շատ հարազատ ու հաճելի վայր: Դա ուղղակի մեզ համար անհրաժեշտություն, ապրելակերպ է դարձել:
-Եկեղեցական տոներին ինչպե՞ս եք վերաբերում: Ունե՞ք սիրելի տոն:
-Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներն եմ շատ սիրում:
-Մկրտիչ, հավանաբար ծանոթ եք յոթ մահացու մեղքերին: Որի՞ց չի հաջողվում խուսափել:
-Շատ անկեղծ հարց եք տալիս: Հիմա շատ դժվար ժամանակներում ենք ապրում: Ինչպես յուրաքանչյուր նորմալ մարդ, ձգտում եմ մաքուր ու դրական լինել և՛ շփումներում, և՛ կյանքում…
-Իսկ պատվիրաններին հետևո՞ւմ եք:
Չէի ցանկանա շինծու պատասխան հնչեցնել: Ամեն դեպքում, աշխատում եմ ամեն ինչ անել, որպեսզի պատվիրանները չխախտեմ: Թե ինչքանով է ստացվում՝ չեմ կարող ասել: Տպավորություն թող չստեղծվի, որ սուրբ եմ ու ապրում եմ պատվիրաններով: Ուղղակի աշխատում եմ բոլորն էլ պահել ու դրական տպավորություն և ազդեցություն թողնել շրջապատիս վրա: Եթե դու հավատում ես ու աշխատում ես այնպես անել, որ ամեն ինչ ճիշտ լինի, բնականաբար պետք է հետևես պատվիրաններին: Եթե ուղղակի եկեղեցի գնաս ու ձևացնես, որ Աստծուն հավատում ես, դրանից ոչինչ չի փոխվի, պետք է հնարավորինս այդ հավատի մեջ ապրել…