Երեւանի Ազատության հրապարակը, որտեղ քիչ անց կմեկնարկի «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած՝ բողոքի եւ պահանջի մեծ ակցիա–երթը` ընդդեմ էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման, արդեն մարդաշատ է:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ազատության հրապարակ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին անդամներից բացի կան մեծ թվով ակտիվիստներ, թանկացումից դժգոհ քաղաքացիներ, ինչպես նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցությունից Վահե Էնֆիաջյանը եւ Վահան Բաբայանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Մենք պատգամավորներով քննարկել ենք ստեղծված իրավիճակը եւ արդեն փաստաթուղթ ենք մշակել, որում առաջարկում ենք լուծումներ այս իրավիճակի համար։ Փաստաթուղթը շուտով կներկայացվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Դրանում մեր բոլոր մտահոգությունները ներկայացված են։ Դրանում ասվում է, որ քաղաքացիները չպետք է վճարեն ՀԷՑ–ի կուտակած պարտքերի դիմաց»,– լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Էնֆիաջյանը։
Նշենք,որ ակցիայի սկզբում կլինեն ելույթներ, որից հետո կմենկարկի երթը` Սայաթ Նովա, Աբովյան, Ամիրյան փողոցներով, Մաշտոցի պողոտայով, ապա երթի մասնակիցները կվերադառնան Ազատության հրապարակ:
Նշենք, որ քիչ առաջ Ազատության հրապարակ եկան «Հիմնադիր խորհրդարանի» անդամները, քիչ անց հրապարակ կհասնեն «Նաիրիտ» գործարանի նախկին եւ ներկա աշխատակիցները` կառավարությունից մեկնարկած երթով։ Ակցիային միանալու մտադրության մասին հայտարարել է նաեւ «Ազատամարտիկների դաշինքը»։
Նշենք, որ այսօր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում նաեւ Հայաստանի մարզերում:
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար: