Բրյուսելում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո հայ երիտասարդներ չեն կորել: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, NEWS.am-ին հայտնեցին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատնից՝ նշելով, որ դեսպանատուն երկու դիմում է ստացվել, որ հարազատները չեն կարողանում գտնել երկու հայ երիտասարդի, սակայն, ավելի ուշ հայտնի է դարձել, որ երիտասարդների հարազատները կարողացել են կապ հաստատել նրանց հետ եւ երիտասարդները գտնվել են:
Դեսպանատնից հայտնել են, որ Բելգիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն այս պահի դրությամբ զոհվածների թվում ՀՀ քաղաքացիների չկան:
Նախօրեին նշվել էր, որ Բրյուսելում Հայաստանի դիվանագետները, ինչպես նաեւ քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետեւանքով:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի» լրատվության եւ PR պատասխանատու Պետո Դեմիրճյանը հայտնել էր, որ խոսակցություններ կան, որ Բրյուսելում ահաբեկչական հարձակումների ընթացքում մեկ հայ երիտասարդ է կորել, որի ինքնությունը դեռ պարզ չէ, սակայն այդ տեղեկատվությունը դեռ չի հաստատվել:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 08։00-ին, Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն էր որոտացել։ Բելգիայի դատախազությունը հաստատել է, որ օդանավակայանում պայթյունը մահապարտն է կազմակերպել։ Պայթյուններ է որոտացել նաեւ մետրոպոլիտենի Մելբեկ եւ Շուման կայարաններում։ Ընդհանուր առմամբ կա 34 զոհ եւ 200-ից ավելի վիրավոր: