Մարսելի քաղաքապետ եւ Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Ժան-Կլոդ Գոդենը Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի, պատգամավոր Վալերի Բուայեի, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռենո Մյուզելյեի, իր տեղակալ Դիդիե Փարաքյանի եւ պաշտոնատար այլ անձանց հետ ապրիլի 16-ի երեկոյան բացել է Մարսելի քաղաքապետարանի շենքի ճակատամասին փակցված երկու հսկայական պաստառները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ըստ «Nouvelles d’Arménie» պարբերականի, բացման արարողությանը շուրջ 400 մարդ է մասնակցել: Ժան-Կլոդ Գոդենն իր ելույթում հիշեցրել է ծանր պայքարի մասին, որն ինքը, բազմաթիվ այլ պատգամավորների հետ, մղել է 2001 թվականին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Նա նաեւ մատնանշել է Վալերի Բուայեի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի նպատակն է շարունակել պայքարը՝ Սահմանադրությանը համապատասխանող նոր օրենքի ընդունմանը հասնելու համար:

Մարսելի քաղաքապետը նաեւ անդրադարձել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ելույթին, որը Վատիկանում պատարագի ժամանակ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

news.am