Դոնի Ռոստովի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի պատճառն ամենայն հավանականությամբ եղել է հանգամանքների զուգակցումը: Նման կարծիք է հայտնել ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, Աշխատանքի Կարմիր դրոշի շքանշանի կավալեր, Հայաստանի օդաչուների միության ղեկավար, ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Դմիտրի Ատբաշյանը՝ NEWS.am-ի խնդրանքով անդրադառնալով Fly Dubai ընկերության օդանավի կործանման հնարավոր պատճառներին:
Անդրադառնալով հարցին, թե կարող էր արդյոք դեր խաղալ այն հանգամանքը, որ պահեստային օդանավակայանում վայրէջք կատարելն օդաչուների համար ցանկալի չէ, քանի որ դա ընկերության համար լրացուցիչ ծախսերի պատճառ է, Դմիտրի Ատբաշյանը պատասխանեց, որ օդաչուները, որպես կանոն, առաջնորդվում են վերջնակետի օդանավակայանում վայրէջք կատարելու ցանկությամբ, սակայն ոչ ամեն գնով: «Վստահ եմ, որ օդաչուներն ու ուղեւորներն ուզում են հասնել այնտեղ, ուր մեկնում են: Պահեստային օդանավակայանում իջնելը ժամանակատար է եւ լրացուցիչ դժվարությունների հետ է կապված: Սակայն ես չեմ կարծում, որ օդաչուները նման պահի մտածում են ընկերության լրացուցիչ ծախսերի մասին»:
ԽՍՀՄ վաստակավոր օդաչուի կարծիքով, վթարի պատճառն, ամենայն հավանականությամբ, եղել է հանգամանքների համադրությունը՝ մարդկային գործոն՝ գումարած անբարենպաստ եղանակային պայմաններ: «Համացանցում կան օդանավի թռիչքի վերջին վայրկյանները պատկերող կադրեր: Այնտեղ երեւում է, որ օդանավը ոչ թե վայրէջք է կատարում, այլ ընկնում է: Կարծում եմ, որ օդանավը քամու հոսանքի մեջ էր հայտնվել»,- նշել է Ատբաշյանը:
Հիշեցնենք, որ Fly Dubai ընկերության FZ981 չվերթն իրականացնող «Բոինգ» օդանավի վվթարը տեղի է ունեցել այսօր՝ մարտի 19-ին Երեւանի ժամանակով ժամը 4:41-ին, Դոնի Ռոստովի օդանավակայանում: Դուբայից ժամանող օդանավը վատ եղանակային պայմանների պատճառով չէր կարողացել վայրէջք կատարել առաջին փորձից: Երկրորդ անգամ վայրէջքի փորձ կատարելիս օդանավը վայր էր ընկել: Զոհվել է անձնակազմի 7 անդամ եւ 55 ուղեւոր: