Երեւանի թիվ 195 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սերյոժա Աբովյանը, որը, ըստ նախնական տեղեկությունների, նախորդ օրը դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարել է երկու աշակերտների, տնօրենի բնորոշմամբ, լավ վարքագիծ ունեցող եւ առանձնակի ակտիվությամբ աչքի չընկնող աշակերտ է: Այս մասին NEWS.am-ին ասաց դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել դպրոցի տարածքից դուրս, հետեւաբար, իրենք կատարված համար պատասխանատվություն չեն կրում:

«Նա մեր աշակերտն է, մենք ցավում ենք պատահածի համար, բայց դեպքը դպրոցի հետ կապ չունի: Վիճաբանությանը մասնակցած տղաներից միայն այդ երեխան է եղել մեր դպրոցի աշակերտ, մնացածներն ուրիշ տեղից են եղել ու իրեն ճնշել են: Ինքը ընտիր երեխա է, համեստության տիպար»,- ասաց տնօրենը:

Սերյոժան դպրոցի տնտեսագիտական հոսքում է սովորում, նրա դասղեկ Ալինա Բրուտյանը մեզ հետ զրույցում նույնպես վստահեցրեց, որ Սերյոժան խելացի եւ հավասարակշռված աշակերտ է: Ինչպես նշեց նա, իրենք միջադեպի մանրամասներից տեղյակ չեն, միայն ենթադրում են, որ Սերյոժային ներքաշել են կռվի մեջ:

«Երեւի այդ տղաները խնջույքից են դուրս եկել, ինչ-որ մանրուքի պատճառով է վեճը առաջացել: Հավանաբար, հենց իրենք էլ հրահրել են վեճը, Սերյոժան նման բան չէր անի»,- ասաց դասղեկը:

Նշենք, որ Սերյոժան այսօր դպրոց չէր գնացել: Դանակահարված երկու աշակերտները, երկուսն էլ, ըստ նախնական տեղեկությունների, 8-րդ դասարանի աշակերտներ, տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից մեկի՝ 14-ամյա Բենիկ Նիկողոսյանի վիճակը ծանր է, նա վիրահատվել է, նա գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերականդանացման բաժանմունքում։

Մյուս տուժողը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Այդտեղից NEWS.am-ին հայտնեցին, որ տղայի վիճակը լավ է, վերքը մշակել են, կարել, բարեբախտաբար, թափանցող վերք չի եղել, կյանքին վտանգ չի սպառնում, առաջիկայում դուրս կգրվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 22-ին Երեւանի թիվ 195 ավագ դպրոցի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ աշակերտների միջեւ, որն ավարտվել է դանակահարությամբ: Վեճի ժամանակ երկու 8-րդ դասարանցիներ դանակի վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Նախնական տեղեկություններով՝ նրանց դանակով հարվածներ է հասցրել կռվի մասնակիցներից մեկը, որը 195 դպրոցի 11-րդ դասարանում է սովորում: Հիվանդանոց տեղափոխվածներն այլ դպրոցի աշակերտներ են: 11-րդ դասարանցին փետրվարի 23-ին ժամը 01.00-ին ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է նախաքննություն:

news.am