Նախաձեռնության անդամները երկար դասամիջոցն օգտագործել են` իրազեկելու ուսանողներին և դասախոսներին, թե «ինչ է իրենից ներկայացնում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը և ինչ խնդիրներ ունի»:

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, Պոլիտեխնիկի ռեկտոր Արա Ավետիսյանն անձամբ է փորձել խոչընդոտել հանդիպման անցկացումը և չի թույլատրել ծածանել «Դ!եմ»-ի դրոշը:

Ակցիայի սկզբում ռեկտորն առհասարակ ցանկացել է արգելել հանդիպումը` նշելով, որ այն խոչընդոտում է դասապրոցեսի բնականոն ընթացքը: Նախաձեռնության անդամների դիտարկմանը, թե ակցիան տեղի է ունենում դասամիջոցի ընթացքում, ռեկտորն ասել է, թե «քոլեջում այդ պահին դաս է ընթանում, իսկ բարձրախոսը և դրոշակները խանգարում են այն»:

Ռեկտորը նախաձեռնության անդամներին զգուշացրել է, որ ուսանողներին դասին չմասնակցելու կոչեր չանեն, ինչին ակցիայի մասնակիցները հակադարձել են, որ «նման մտադրություն իրենք չունեն»:

Արա Ավետիսյանը հայտարարել է, որ կողմ է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին և ուսանողներին ու դասախոսներին կոչ է արել վերադառնալ իրենց դասերին:

ՍիվիլՆեթի թղթակցի հաղորդմամբ` հանդիպմանն ուսանողները բավական ակտիվ էին և նույնիսկ բանավեճի մեջ են ներքաշվել ռեկտորի հետ: Ուսանողները նշել են, որ «չնայած դեռ չունեն աշխատանք, սակայն  դեմ են օրենքին»:

Նախաձեռնության անդամները հայտարարել են, որ նախատեսում են հանդիպել նաև այլ բուհերի ուսանողների և դասախոսների հետ, սակայն հստակ օրակարգ դեռ չունեն:

«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամներն ավելի վաղ ցանկություն էին հայտնել ՀՊՃՀ բակում բաց հանդիպում կազմակերպել համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ: Ավելի ուշ պատասխան հատարարությամբ հանդես էր եկել ՀՊՃՀ ռեկտորատը, արհմիությունն ու ուսանողական կոմիտեն` նշելով, որ մեծ դասամիջոցի ընթացքում «ՀՊՃՀ տարածքում ցանկացած նմանատիպ միջոցառում անխուսափելիորեն կխաթարի ուսումնական գործընթացը»:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուներն են 1974թ. հետո ծնված քաղաքացիները: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվելու են կենսաթոշակաին ֆոնդում, որը կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:

Այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազ. դրամը, կենսաթոշակ են կուտակում իրենց աշխատավարձի 5%-ի չափով. պետությունը, իր հերթին, փոխանցում է կատարում 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազ-ը, պետությունը փոխանցում է 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կուտակում է այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը:

civilnet.am